Աշխարհի գավաթ․ Հայաստանի 9 ըմբիշ պայքարի մեջ է
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկության երկրորդ մրցումային օրը: Պայքարի մեջ են Հայաստանի 9 ներկայացուցիչ, որոնցից չորսը մեդալների համար:
Մալխաս Ամոյանը (72 կգ) 3 տպավորիչ հաղթանակ (6:0, 12:0, 7:0) տանելուց հետո դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կմրցի 2016թ. աշխարհի ու 2017թ. Եվրոպայի չեմպիոն, 33-ամյա հունգարացի Բալինտ Կորպաշիի հետ:
Բրոնզե մեդալների համար կպայքարեն Սլավիկ Գալստյանը, Կարապետ Չալյանն ու Ռուդիկ Մկրտչյանը:
Գալստյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի Ռուբեն Մարվիցե (Իտալիա) - Գոնսալո Գարսիա (Պերու) զույգի հաղթողի հետ, Չալյանը՝ Գեորգիոս Պրևոլարակիս (Հունաստան) - Պասկալ Էիսելե (Գերմանիա) զույգի հաղթողի, սփոփիչ գոտեմարտում Ռուդիկ Մկրտչյանի մրցակիցը կլինի ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլին:
Դեկտեմբերի 13-ին պայքարը կսկսեն օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ), Եվրոպայի գործող չեմպիոն Գեւորգ Ղարիբյանը (63 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Ռուբեն Ղարիբյանը (82 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (130 կգ):
Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի 5-ակի, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Աշխարհի անհատական գավաթում պայքարի մեջ կմտնի որակավորման փուլից: Օլիմպիական չեմպիոնի մրցակիցը լինելու է գործող աշխարհի չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոեւը:
Հիշեցնենք, որ Նուրսուլթանում տեղի ունեցած աշխարհի առաջնության 97 կգ քաշայինների եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը կողոսկրի վնասվածքի պատճառով հրաժարվեց եզրափակիչ գոտեմարտից եւ ոսկե մեդալը զիջեց Մուսա Եվլոեւին: Աշխարհի անհատական գավաթում այս քաշային կարգում մեկ որակավորման փուլի գոտեմարտ է լինելու, որը հենց Ալեքսանյան-Եվլոեւ դիմակայությունն է:
63 կգ քաշային կարգի գործող Եվրոպայի չեմպիոն Գեւորգ Ղարիբյանը կմեկնարկի որակավորման փուլից, որտեղ ուժերը կչափի Թուրքիայի ներկայացուցիչ Աբդուրահման Ալտանի հետ:
60 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Մելիքյանը որակավորման փուլում կհանդիպի Հնդկաստանի ներկայացուցիչ Գյանենդեր Գյանենդերի հետ:
82 կգ քաշային Ռուբեն Ղարիբյանը, որին Գեւորգ Ալեքսանյանը Աշխարհի գավաթի կազմի մեջ ընդգրկեց վերջին պահին, կմեկնարկի 1/16 որակավորման փուլից, որտեղ կմրցի ռումինացի Գեորգի Մարիեայի հետ:
Գերծանր քաշային Դավիթ Օվասապյանը որակավորման փուլում կփորձի հաղթահարել 2015 թվականի Միջերկրածովյան երկրների առաջնության փոխչեմպիոն, սերբ Բոբան Զինովիչի արգելքը: