«Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կանցկացվի Կիպրոսում
Ֆուտբոլի Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» և սերբական «Ցրվենա Զվեզդայի» միջև Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի հանդիպումը կանցկացվի Կիպրոսի Նիկոսիա քաղաքի GSP ստադիոնում:
Հանդիպման անցկացման վայրի փոփոխության վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել «Ցրվենա Զվեզդան»:
«Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին Երևանի ժամանակով 21:00-ին:
«Արարատ-Արմենիան» եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով պարտվել էր Կիպրոսի «Օմոնիային» և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում: Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում հայկական ակումբը լրացուցիչ ժամանակում 4:3 հաշվով հաղթել էր Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլային», իսկ նախորդ փուլում դարձյալ լրացուցիչ ժամանակում ուժեղ էր գտնվել Սլովենիայի չեմպիոն «Ցելյեից»՝ 1:0:
Ավելի վաղ NEWS.am Sport-ին հայտնի էր դարձել, որ հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակի պատճառով Սերբիայի չեմպիոնը չի ժամանի Հայաստան: Խաղը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 1-ին Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել էին նաև Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի գյուղերը: