Ընդդիմությունը բացում է խաղաքարտերը. ուզում են քանդել Բելառուսի տնտեսությունը
Բելառուսի տնտեսությունը թուլացնելու համար քաղաքացիները պետք է դադարեն հարկեր վճարել, գործադուլ հայտարարեն և արտարժույթ գնեն: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահի նախկին թեկնածու, ընդդիմության առաջնորդներից Վալերի Ցեպկալոն, գրում է eadaily.com կայքը:
«Մենք պետք է այն աստիճան թուլացնենք ռեժիմի տնտեսական հիմքերը, որ այն այլևս չկարողանա վճարել ոստիկանության աշխատակիցներին, որոնք թվով շատ ավելի են, քան համալսարանի դասախոսները», -նշել է Ցեպկալոն Le Figaro-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով`բելառուսական ընդդիմությունն աջակցում է «ոչ բռնի դիմադրության» նման մարտավարությանը: Միևնույն ժամանակ, Ցեպկալոն խոստովանել է, որ այս դեպքում Բելառուսի տնտեսությանն անկում է սպասվում: Սակայն գործիչը բերել է Լեհաստանում 1980-ականների դեպքերի օրինակը, երբ բանվորները գործադուլ էին հայտարարել ՝ հանուն երկրում անկախ արհմիությունների ստեղծման: Քաղաքական գործիչը նշել է, որ Լեհաստանը վերականգնվել է այդ իրադարձություններից հետո ՝ դառնալով, նրա կարծիքով, «Եվրոպայի ամենազարգացած երկրներից մեկը»:
Բացի այդ, Ցեպկալոն հավելել է, որ այն անձը, ով կարող է փոխարինել Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, «այլ ելք չի ունենա, քան երկխոսություն վարելը և Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելը»: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ «100%-ով համոզված չի, որ դա տեղի կունենա», բայց հավաստիացրել է, որ ինքը միանշանակ կզարգացներ հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: