Օնլայն Օլիմպիադա․ Հայաստանը բոյկոտեց Հնդկաստանի հետ երկրորդ ռաունդը եւ դուրս մնաց պայքարից
Հայաստանի հավաքականը բոյկոտել է շախմատային օնլայն Օլիմպիադայի քառորդ եզրափակիչի Հնդկաստանի հետ երկրորդ ռաունդը եւ դուրս եկել պայքարից:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույում ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը:
«Առաջին ռաունդում մեր թիմի համար գրանցվեց պարտություն 2,5։3,5 հաշվով: Մինչեւ ռաունդի ավարտը մեկ խաղ էր մնացել: Խաղատախտակին խաղում էին Հայկ Մարտիրոսյանն ու Հնդկաստանի թիմից Նիհալ Սարին: Դիրքն ամբողջությամբ ոչ ոքի էր: Վերջին րոպեին կապն ընդհատվեց եւ Հայկ Մարտիրոսյանի քայլը չգնաց: Ժամանակով մեզ պարտություն տվեցին: Կապն ընդհատվեց ոչ թե մեր կողմից, այլ միջազգային ֆեդերացիայի կայքի՝ chess.com-ի սերվերի կողմից: Մեզ պարտություն գրանցեցին այդ խաղում: Ֆեդերացիան բողոքարկեց, բայց բողոքարկումը չընդունվեց, չնայած նրան, որ ապացուցվեց՝ Հայաստանի կողմից չէր ինտերնետի կապի ընդհատումը:
Բողոքարկումը չբավարարվեց, թիմը որոշեց բոյկոտել եւ չմասնակցել Հնդկաստանի հետ երկրորդ խաղին, քանի որ Հայաստանի նկատմամբ շատ անարդար որոշում էր կայացվել՝ պարտություն տալով: Ֆեդերացիայի անունից եւս մեկ անգամ հաստատում եմ, որ կապի խնդիրը մեր մոտից չի եղել: Վերջին 7 օրվա ընթացքում մեր սերվերն ունեցել է 100 տոկոս ինտերնետ: Բոյկոտելու որոշումն ամբողջ թիմինն էր: Հայաստանի հավաքականը դուրս եկավ պայքարից»,- ասաց Միքայել Անդրիասյանը:
Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը թվիթերյան գրառումով հայտնել էր, որ Հայաստանի թիմը պահանջել է Հայկ Մարտիրոսյանի պարտիան շարունակել ընդհատված քայլից եւ խաղաժամանակից, սակայան ՖԻԴԵ-ն չի բավարարել բողոքարկումը։