Արշակ Կորյանի թիմը ոչ-ոքի է խաղացել Սոչիի հետ
Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի երկրորդ տուրում «Խիմկին», որտեղ հանդես է գալիս Հայաստանի Ազգային հավաքականի նորեկ Արշակ Կորյանը, հյուրընկալվելիս մրցել է «Սոչիի» հետ ու ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտել հանդիպումը: Խաղը կայացել է «Ֆիշտ» մարզադաշտում:
Հանդիպման հաշիվը խաղի 26-րդ րոպեին բացել է «Խիմկիի» կիսապաշտպան Ալեքսանդր Տրոշեչկինը, իսկ «Սոչիի» ֆուտբոլիստներին միայն երկրորդ կեսում է հաջողվել հավասարեցնել հաշիվը: Քրիստիան Նոբան երկրորդ խաղում անընդմեջ դարձել է գոլի հեղինակ:
Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Արշակ Կորյանը «Խիմկիի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել է 70-րդ րոպեին: Կորյանը մեկնաբանել է հանդիպումը.
«Ցավալի է, որ բաց թողեցինք հաղթանակը: Կարծում եմ՝ այսօր մենք պետք է 3 միավոր վաստակեինք: Պահեր ուներ նաև «Սոչին», բայց «Խիմկին» ավելի շատ էր վերահսկում խաղի ընթացքը: Մենք փակում էինք մրցակցի ուժեղ որակները, փորձում էինք մերն օգտագործել: Բայց իրացման հարցում խնդիրներ ունեինք:
Խաղին ներկա էին իմ հարազատները, այդ իսկ պատճառով շատ հաճելի էր դաշտ դուրս գալը, բայց խաղն ավարտելը՝ ոչ այնքան: Արդյունքն ամեն դեպքում ազդում է տրամադրության վրա»,- ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում ասել է Կորյանը:
Այսպիսով, «Խիմկին» իր առաջին միավորն է վաստակել ՌՖՊԼ-ում: «Սոչին» երկրորդ խաղն անընդմեջ ոչ-ոքի է ավարտել ու դեռևս 2 միավոր ունի իր ակտիվում:
Երրրորդ տուրում «Սոչին» կխաղա «Ռուբինի» հետ, իսկ «Խիմկին» հյուրընկալվելիս կմրցի Սարանսկի «Տամբովի» հետ: Երկու խաղն էլ կկայանա օգոստոսի 18-ին: