Ա Սերիան կշարունակի առաջնությունը մոտ մեկ ամսից
Իտալիայի ֆուտբոլի առաջնության՝ Ա Սերիայի 2019-20 մրցաշրջանի խաղերը, որոնք դադարեցվել էին կորոնավիրուսի պատճառով, կվերսկսվեն հունիսի 13-ից: Ինչպես հայտնում է Ա Սերիայի պաշտոնական կայքը, ամսաթիվն ընտրվել է երեկ՝ մայիսի 13-ին, տեսակապի միջոցով տեղի ունեցած ղեկավար կազմի նիստի ընթացքում: Որոշումը համապատասխանում է երկրի կառավարության որոշումներին ու առողջապահական ցուցումներին:
Նշվում է, որ ակումբներն առաջարկել են որպես ուղեցույց ընդունել մայիսի 16-ին վերսկսվող Գերմանիայի ֆուտբոլի առաջնութան՝ Բունդեսլիգայի կանոնակարգը, որը կիրառվելու է պանդեմիայի ընթացքում ֆուտբոլ խաղալու համար, սակայն դա համարվել է քիչ ապահով: Իտալիայում շատ ավելի խիստ կանոններ են գործելու: Ինչպես ասել է երկրի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան, անգամ 1 դրական թեստի դեպքում՝ դա լինի ֆուտբոլիստի, թե ակումբի այլ աշխատակցի մոտ, ակումբը 15-օրյա կարանտինի է ենթարկվելու:
Իտալիայում՝ կորոնավիրուսից աշխարհում ամենից շատը տուժած երկրներից մեկում, ֆուտբոլը դադարեցվել է մարտի սկզբին: Իտալիական ֆուտբոլային ակումբներում անհատական մարզումներն սկսվել են մայիսի 4-ից: Մայիսի 18-ից թիմային մարզումներ անցկացնելու հնարավորություն կունենան:
Ա Սերիան բաղկացած է 38 տուրից: Այս պահին որոշ թիմեր անցկացրել են 25, որոշ թիմեր՝ 26 հանդիպում: Առաջատարը «Յուվենտուսն» է 63 միավորով: 2-րդ տեղում ընթացող «Լացիոն» հետ է մնում ընդամենը 1 միավորով, իսկ եռյակը եզրափակում է «Ինտերը» (54 միավոր): «Ռոման», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, 5-րդն է 45 միավորով: