ՀՆԱ-ին սպասելիս. Արա Գալոյան
Top-News.am–ը ներկայացնում է տնտեսական մեկնաբան Արա Գալոյանի հոդվածը, որը հրապարակվել է Politeconomy.org կայքում։
Դժվար է հիշել, թե երբ են տնտեսական վիճակագրության հրապարակումներն այսքան քաղաքականացված եղել: Թե՛ սպասումի, թե՛ մատուցման առումով: Հատկապես համախառն ներքին արդյունքի հաշվետվությունը: Բայց ՀՆԱ-ի բարձր ցուցանիշը բարձր մակարդակում վաղուց էր «անոնսվել»: Վարչապետը վաղուց էր 2019-ի համար ՀՆԱ-ի թիվ հրապարակել: Եւ ահա հրապարակվեց պաշտոնական հաշվետվությունը:
ՏԱՑ-ի և այլ` արդեն հրապարակված վիճակագրական տվյալների պարբերական վերանայման փաստով ոչ մեկին այլևս չես զարմացնի: Տնտեսական վիճակագրության մեջ նման շտկումներ այլ երկրներում էլ են լինում: Բայց ոչ այդքան հաճախ: Եւ, որ ավելի կարևոր է՝ ոչ այդքան միակողմանի: Մեր Վիճկոմը արդեն հրապարակած տվյալները ճշգրտել սկսել է միմիայն դրանք բարձրացնելու նպատակով: Չի կարելի բացառել, որ արդեն հրապարակված ՀՆԱ-ի 7.6 տոկոսանոց ցուցանիշը մոտ ապագայում վերանայվի: Դեպի բարձրացում վերանայվի: Շատ տնտեսագետներ այս հրապարակումից առաջ կարծում էին, որ Վիճկոմին չի հաջողվի 7 տոկոսը գերազանցող ՀՆԱ հաշվարկել: Բայց, փաստորեն, հաջողվեց: Արդյունքում մեզ ներկայացվեց մեկ շնչի հաշվով 4.604 դոլար ՀՆԱ: Այս թիվը մոտ 160 դոլարով պակաս է վարչապետի հայտնի հրապարակում-ցուցանիշից` մեկ շնչի հաշվով 4 .76 հազար ԱՄՆ դոլար: Հետևաբար` հնարավոր է, որ վերանայման պայման առաջադրվի:
Առաջարկում են դիտարկել, թե որ ոլորտների հաշվին հնարավոր եղավ ընդհանուր 7.6 տոկոսանոց և մեկ շնչի հաշվով 4.604 դոլար ՀՆԱ հաշվարկել: Նախ` թվարկենք տնտեսության այն ոլորտները, որոնք ամենաբարձր աճն են արձանագրել: Առաջինը սպասելի Ֆինանսական և ապահովագրական ոլորտն է: Աճի տեմպը 22.1 տոկոս: Բնականաբար նախորդ` 2018թ.-ի համեմատ: Բանկային համակարգը վերջին 25 տարում էական մասնաբաժին ունի մեր տնտեսության համակարգում: Հետևաբար՝ առանձին վերլուծության անհրաժեշտություն չկա:
Զարգացման տեմպով երկրորդ ոլորտը նույնպես սպասելի էր` Հանքահումքային արտադրությունը և բացահանքերի շահագործումը: Այս ոլորտում աճը 21,3 տոկոս է: Ի տարբերություն առաջատարի` երկրորդ ոլորտը հասարակայնորեն (ու նաև իշխանությունների կողմից) պակաս ընդունելի է:
Իսկ երրորդ ոլորտը մշակող արդյունաբերությունՆ է: Աճի տեմպը էական զիջում է առաջատարներին, բայց ևս բավական բարձր է` 12.8 տոկոս: Սակայն այս փաստը դրական գնահատելուն զուգահեռ պարտավոր ենք ընդգծել, որ մշակող արդյունաբերության առնվազն 17.2 տոկոսը ևս կապված է հանքարդյունաբերության հետ: Խոսքը հիմնային մետաղների արտադրության (որը ընդհանուր մշակող արդյունաբերության 11.4 տոկոսն է) և ոչ մետաղական հանքային արտադրատեսակների (ընդհանուրի 5.8 տոկոս) մասին է:
Երկնիշ թվով աճ արձանագրած մյուս ոլորտը տեղեկատվությունն ու կապն է: Այս ոլորտով իշխանությունները սիրում են հպարտանալ: Հպարտանալ ու չասել, որ ոլորտում զուտ հեռահաղորդակցմանը (հեռախոս, համացանց և այլն) բաժին է ընկնում ընդհանուրի 48 տոկոսը: Իսկ զուտ տեղեկատվական տեխնոլոգիաներին՝ 42 տոկոսը:
Երկնիշ աճ արձանագրած վերջին ցուցանիշը մշակույթ, զվարճություններ և հանգիստ անունը կրող ոլորտն է: Այստեղ դոմինանտը զվարճություններն են (այսինքն՝ պաշտոնապես ընդունելի մոլեխաղերը): Մշակույթի մասնաբաժինն այս ոլորտի աճում 1 տոկոս է, իսկ զվարճություններինը` 97 տոկոս:
Իսկ հիմա անդրադառնանք այն ոլորտներին, որոնք մեղմ ասած չեն նպաստել 2019-ի ՀԱՆ-ի աճին: Որովհետև 2018-ի հետ համեմատ ոչ թե չեն աճել, այլ կրճատվել են: Կրճատում գրանցել են չորս ոլորտ: Ամենամեծ չափով նվազել է Ջրամատակարարման, կոյուղու ու թափոնների կառավարման ոլորտը` 11.6 տոկոսի չափով: Չի կարելի ասել, թե սպասելի չէր: Ճիշտ այնպես, ինչպես գյուղատնտեսության պարագային` 2018-ի համեմատ կրճատումը 4 տոկոսի չափով է: Սա սպասելի էր: Գյուղատնտեսության ոլորտի անկումը կանխել առայժմ չի հաջողվում: Նույն տրամաբանությամբ իրավիճակը շարունակվում է էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում` 2019-ի համեմատ 1.3 տոկոս պակաս էլեկտրաէներգիա է արտադրվել: Տարեցտարի էլէներգիայի արտադրության նվազումը պատշաճ վերլուծության չի ենթարկվել: Կրճատում արձանագրած վերջին ոլորտը կրթությունն է: Այ սա անսպասելի էր: Հետևաբար` մնում է մխիթարվել նրանով, որ 2018-ի համեմատ կրճատումը մեծ չէ:
Ընդամենը 0.3 տոկոս: Մեծ չէ, բայց վերաբերմունք է: Հարկավոր է հիշել այս տարվա տենդենցը նկատելու համար: Ի վերջո, մեր կրթության ոլորտով հպարտանալը ազգային ու դարավոր սովորություն է:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...