Թեհրանում հայտարարել են, որ դիսպետչերների խոսակցության արտահոսքը կազդի Կիևի հետ հարաբերությունների վրա
Իրանի Իսլամական Հանրապետության քաղավիացիայի կազմակերպության պատահարների հետաքննության բաժնի ղեկավար Հասան Ռեզայեֆարը հայտարարել է, որ իրանցի դիսպետչերների խոսակցության արտահոսքը կազդի Boeing 737 ինքնաթիռի կործանման հարցում Իրանի և Ուկրաինայի համագործակցության վրա: Այս մասին տեղեկացնում է tass.ru կայքը:
«Այդ ձայնագրությունն այն նյութերի մեջ էր, որոնք փոխանցվել են ողբերգությունն ուսումնասիրող փորձագետներին, (ձայնագրության հրապարակումը) ուկրաինացիների կողմից խոսում է այն մասին, որ մենք այլևս ոչ մի նյութ նրանց չենք փոխանցի»,-հայտարարել է Ռեզայեֆարը:
Նա ընդգծել է նաև, որ այդ քայլն արվել է միջազգային նորմերի խախտումով:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցազրույցի ժամանակ պատմել է, որ իրանական ինքնաթիռի անձնակազմը տեսել է, թե ինչպես է Թեհրանի մոտակայքում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության օդանավը խոցվել, և այս մասին հայտնել է կարգավարին:
«Մենք այժմ ևս մի ձայնագրություն ունենք: Ինչու եմ ասում ևս մի, քանի որ համացանցում անհայտ օգտահաշիվների կողմից տեսանյութեր են հրապարակվել, որում ինչ-որ բան է խոցվում: Սկզբում այսպես է եղել: Իսկ այժմ մեր մասնագետները ձայնագրություն ունեն, որը լիովին համընկնում է համացանցում եղած տեսագրության հետ: Դա այդ ժամանակ վայրէջք կատարող իրանական ինքնաթիռի և Թեհրանի կարգավարների միջև եղած խոսակցությունների ձայնագրությունն է: Ժամը 6:12-ին մեր ինքնաթիռը թռել է, իսկ ժամը 6:30-ին իրանական ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր: Ինքնաթիռից տեսել են այս ամենը, և անձնակազմը սկսել է խոսել կարգավարների հետ: Այնտեղ ամեն բան լսվում է. ասվում է. «Ինձ թվում է` հրթիռ է թռչում»,- պատմել է նախագահը:
Հիշեցնենք, որ Թեհրանի օդանավակայանից մեկնելուց անմիջապես հետո Կիև թռչող Boeing 737-800 օդանավը լույս հունվարի 8-ին խոցվել էր: Ըստ պաշտոնական տվյալների` վթարի հետևանքով մահացել է 176 մարդ` Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ:
Իրանի նախագահը Twitter սոցիալական կայքի իր էջում հայտնել էր, որ «զինված ուժերի ներքին հետաքննության արդյունքում պարզվել է, որ, ցավոք, մարդկային սխալի պատճառով արձակված հրթիռներն են հանգեցրել ուկրաինական ինքնաթիռի սարսափելի աղետին և 176 անմեղ մարդկանց մահվանը»: