ԵՄ-ն կարող է արգելափակել Լոնդոնի հասանելիությունը եվրոպական շուկաներին
Եվրամիությունը կարող է արգելափակել Լոնդոնի հասանելիությունը եվրոպական շուկաներին, եթե վարչապետ Բորիս Ջոնսոնը փորձի Մեծ Բրիտաիային ազատել ԵՄ օրենքներից, գրում է The Guardian-ը։
Պարբերականը նշում է, որ սույն դիրքորոշումը հստակ արտահայտել է Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը, որի երկիրը ստանձնել է ԵՄ նախագահությունը։
«Ես չէի տարվի զենքի հռետորաբանությամբ, բայց այն, ինչը ես սովորել եմ միջազգային քաղաքականությունում եւ եվրոպական բանակցություններում, դա այն է, որ բոլոր փաստարկներն ու ենթադրությունները դիտվում են որպես քաղաքական»,- հայտարարել է նա՝ պատասխանելով հարցին, թե օգտագործում է արդյոք ԵՄ-ն իր լիազորությունները եվրոպական շուկաներին Լոնդոնի հասանելիությունը փակելու համար։
Պարբերականը գրում է, որ ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ հիմնական խնդիրն այն է, թե բրիտանական կառավարությունն ինչքան է պատրաստ հեռանալ տնտեսության տարբեր հատվածներում ԵՄ կանոններից։
Այդ կապակցությամբ Անգլիայի բանկի նախագահի պաշտոնից հեռացող Մարկ Քարնին այս շաբաթ հայտարարել է, որ ԵՄ կազմից իր երկրի դուրս գալուց հետո անընդունելոի կլինի եթե Մեծ Բրիտանիան զբաղեցնի «կանոններն ընդունող» կողմի դիրք։
Այնուամենայնիվ, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայնենը նախազգուշացրել է ԵՄ-ի հետ հարաբերություններում սողանցքներ փնտրելու տնտեսական հետեւանքների մասին։
«Մենք պետք է լավ բալանս գտնենք դիվերգենցիայի եւ միացյալ շուկային մոտ լինելու միջեւ։ Կա տարբերություն՝ դու Միության անդամ ես, թե ոչ։ Եվ կան փոխզիջումներ դիվերգենցիայի կարգավորման եւ միացյալ շուկային հասանելիության միջեւ։ Հունիսին մենք հանրագումարի կբերենք այդ առաջընթացի արդյունքները»,- նշել է Եվրահանձնաժողովի նախագահը։