Լուկաշենկոն կոչ է արել փոքր ու միջին պետություններին «ձեռքերը ծալած չնստել»
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սերբիա կատարած այցի ժամանակ հայտարարել է համաշխարհային ասպարեզում խոշոր խաղացողների միջև լարվածության աճի մասին և փոքր ու միջին պետություններին առաջարկել է «ձեռքերը ծալած չնստել», հաղորդում է Belta-ն:
Բելառուսի ղեկավարը նշել է, որ այսօր Չմիավորման շարժումը (կազմակերպություն, որը միավորում է աշխարհի 120 պետություններին՝ ռազմական դաշինքներին չանդամակցելու սկզբունքների հիման վրա) գոյություն ունի ձևականորեն և ոչ մի ազդեցություն չունի խոշոր պետությունների վրա:
«Եթե խոշոր խաղացողները չեն կարողանում պայմանավորվել, ապա դա չի նշանակում, որ փոքր ու միջին պետությունները պետք է ձեռքերը ծալած նստեն և խոնարհաբար սպասեն, մինչև մեծերից մեկը որոշի նրանց ճակատագիրը»,- հայտնել է Լուկաշենկոն՝ կոչ անելով լսելի դարձնել իրենց ձայնը:
Քաղաքական գործչի խոսքով՝ համաշխարհային առաջնորդներն ավելի հաճախ են խնդիրները լուծում իրենց ուժի միջոցով՝ անտեսելով միջազգային իրավունքը։
«Երբեմն ապրած նախագահական տարիների բարձունքից սկսում եմ մտածել, թե արդյոք մեր մոլորակի նոր վերաբաշխումը չի սկսվել: Եվ մենք բոլորս լավ գիտենք, թե ինչի դա կարող է հանգեցնել»,- ընդգծել է Լուկաշենկոն: