Բրիտանիայի խորհրդարանը հավանություն է տվել դեկտեմբերի 12-ին արտահերթ ընտրություններ անցկացնելուն
Բրիտանիայի խորհրդարանը հավանություն տվեց Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկությանը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել դեկտեմբերի 12-ին։ Չորեքշաբթի Լորդերի պալատը՝ օրենսդիր մարմնի վերին պալատը, կողմ քվեարկեց, որպեսզի մեկուկես ամիս հետո երկրում տեղի ունենան ընտրություններ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Հաշվի առնելով, որ երեքշաբթի կառավարության՝ ընտրությունների անցկացման մասին առաջարկն արժանացել էր խորհրդարանի ստորին պալատի՝ Համայնքների պալատի հավանությանը, այժմ օրինագիծն անցել է խորհրդարանական քննարկումների բոլոր փուլերը։ Օրենքի կարգավիճակ այն պետք է ստանա, երբ ստորագրվի Եղիսաբեթ II թագուհու կողմից։ Դրա համար հատկացվում է մեկ շաբաթից մի փոքր քիչ ժամանակ, քանի որ, որպեսզի ընտրությունները տեղի ունենան նշված ժամկետում, խորհրդարանը պետք է ընտրարշավի անցկացման համար ցրվի նոյեմբերի 6-ից ոչ ուշ։
Արտահերթ ընտրությունների միջոցով Ջոնսոնը փորձելու է փակուղուց հանել ԵՄ-ի հետ Brexit-ի պայմանների մասին խորհրդարանի համաձայնեցման գործընթացը։ Կառավարող Պահպանողական կուսակցությունը կորցրել է մեծամասնությունը Համայնքների պալատում, առանց որի չի կարող հոկտեմբերի 17-ին համաձայնեցված գործարքն իրականացնել ԵՄ-ի հետ։
Հանրային կարծիքի խառը հարցումը, որը պատրաստել է Financial Times թերթը վերջին ժամանակների բոլոր սոցիոլոգիական հետազոտությունների հիման վրա, ցույց է տալիս, որ առաջին տեղում է կառավարող կուսակցությունը։ Պահպանողականներն ամուր պահում են առաջին տեղը՝ ընտրողների 35 տոկոս ձայներով։ Լեյբորիստական կուսակցությունը երկրորդն է՝ 25 տոկոս ձայներով, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը 18 տոկոս ձայներ ունի, նոր՝ Brexit կուսակցությունը, որն այժմ ներկայացված չէ խորհրդարանում, 11 տոկոս ձայներ ունի։
Մեծ Բրիտանիան ԵՄ-ից պետք է դուրս գար 2019 թվականի մարտի 29-ին, այսինքն՝ միությունից դուրս գալու մասին գրավոր իրազեկումից երկու տարի հետո։ Բայց բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորները երեք անգամ մերժեցին Brexit-ի պայմանների մասին համաձայնագրի նախագիծը, որը ձեռք էր բերվել Բրյուսելի եւ վարչապետ Թերեզա Մեյի կառավարության կողմից։ Արդյունքում՝ ԵՄ-ը համաձայնեց Brexit-ը տեղափոխել սկզբում ապրիլ կամ մայիս, հետո՝ հոկտեմբերի 31, իսկ Մեյը ստիպված էր հրաժարական տալ՝ չկարողանալով իրավիճակը դուրս բերել փակուղուց։
Նրան փոխարինած Բորիս Ջոնսոնը պնդում էր, որ երկիրը ԵՄ-ից դուրս գա հոկտեմբերի 31-ին՝ գործարքով կամ առանց գործարքի, բայց խորհրդարանի ընդունած օրենքի պատճառով ստիպված էր հոկտեմբերի 19-ին Եվրոպական խորհուրդ ուղարկել հարցապնդում Brexit-ի նոր հետաձգման մասին՝ մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը։ Երկուշաբթի Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հայտարարեց, որ Բրյուսելը պատրաստ է Լոնդոնին տրամադրել արդեն երրորդ հետաձգումը՝ մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը։ Ջոնսոնը համաձայնեց այդ առաջարկին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց