Առցանց գրանցում, մատնահետքեր և նոր անձնագիր (տեսանյութ)
Հայաստանում նոյեմբերի 1-ից մեկնարկել է նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը։ Նոր համակարգի ներդրմամբ փոխվել է ոչ միայն փաստաթղթերի տեխնիկական ձևաչափը, այլև դրանց ստացման կարգը․ քաղաքացիներն այսուհետ պետք է նախապես գրանցվեն առցանց, կատարեն վճարումը և այցելեն «ՀայՓաս» ընկերության սպասարկման գրասենյակներից մեկը՝ կենսաչափական տվյալները տրամադրելու համար։ Նոր անձնագիրն արժե 28 650 դրամ, իսկ նույնականացման քարտը՝ 5950 դրամ։
Նոր համակարգի ներդրումն իրականացվում է պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում։
Ծառայությունները մատուցում է «ՀայՓաս» ընկերությունը, իսկ փաստաթղթերի տրամադրման վերաբերյալ որոշումները շարունակում է կայացնել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։ Պետական մարմինը պատասխանատու է քաղաքացու ինքնության և իրավական կարգավիճակի ստուգման, ինչպես նաև դիմումի հաստատման համար, իսկ մասնավոր գործընկերն իրականացնում է կենսաչափական տվյալների հավաքագրումը, փաստաթղթերի տպագրությունն ու տրամադրումը։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի ներկայացմամբ՝ նոր կենսաչափական անձնագիրը տրամադրվելու է 10 տարի ժամկետով, իսկ նույնականացման քարտը՝ 5 տարի։ Փաստաթղթերը համապատասխանեցվում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության՝ ICAO-ի չափանիշներին։ Սա կարևոր է նաև միջազգային սահմանային անցակետերում փաստաթղթերի իսկության ստուգման և էլեկտրոնային սպասարկման հնարավորությունների ընդլայնման տեսանկյունից։
Նոր կենսաչափական անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու համար քաղաքացին նախ պետք է մուտք գործի «ՀայՓաս»-ի առցանց հարթակ, լրացնի անհրաժեշտ տվյալները, ընտրի սպասարկման գրասենյակը, այցի օրը և ժամը, ապա կատարի վճարումը։ Նախագրանցումն ավարտելուց հետո էլեկտրոնային փոստով ուղարկվում է QR կոդ, որը պետք է ներկայացնել սպասարկման կենտրոնում։
Սպասարկման կենտրոնում իրականացվում են լուսանկարահանումն ու մատնահետքերի հավաքագրումը։ Համակարգում նախատեսված են նաև ինքնասպասարկման կրպակներ, որոնց միջոցով քաղաքացիները կարող են ինքնուրույն կատարել անհրաժեշտ գործողությունները։
Նոր փաստաթղթերի տրամադրման հիմնական ժամկետը 14 աշխատանքային օր է։ Նախատեսված են նաև հավելավճարով արագացված ծառայություններ։ Համակարգի գործարկման սկզբնական փուլում հանրապետությունում գործում է 14 սպասարկման գրասենյակ՝ երկուսը Երևանում և 12-ը մարզերում։
Երևանյան գրասենյակները տեղակայված են «Երևան Մոլ» և «Մեգամոլ» առևտրի կենտրոններում։ 2027 թվականի առաջին եռամսյակի ավարտին դրանց թիվը նախատեսվում է հասցնել 23-ի։
Երևանի գրասենյակներն աշխատում են շաբաթվա բոլոր օրերին՝ 09:00-ից մինչև 22:00-ն, իսկ մարզային գրասենյակները՝ 09:00-ից մինչև 18:00-ն։
Միաժամանակ, նոր կենսաչափական անձնագիր ստանալու համար պարտադիր չէ սպասել գործող անձնագրի ժամկետի ավարտին։ Նոր անձնագիր ստանալուց հետո հին անձնագիրն անվավեր է ճանաչվում և վերադարձվում քաղաքացուն։ Եթե դրանում առկա է գործող վիզա, արտերկիր մեկնելիս անհրաժեշտ է ունենալ երկու անձնագրերն էլ։
Նոր համակարգի գործարկման առաջին օրերին քաղաքացիների շրջանում հարցեր և դժգոհություններ են առաջացել սպասարկման գործընթացի վերաբերյալ։ Մասնավորապես, բարձրաձայնվել են «ՀայՓաս»-ի հետ հեռախոսակապ հաստատելու դժվարությունների, առցանց գրանցման և սպասարկման կենտրոններում հերթերի վերաբերյալ խնդիրներ։ Հրապարակումներ են եղել նաև առանձին տեխնիկական խափանումների մասին։ Քաղաքացիներ են հայտնել, որ որոշ դեպքերում չեն կարողացել ավարտել առցանց գրանցումը, իսկ վճարումը կատարելուց հետո չեն ստացել գործընթացը շարունակելու համար անհրաժեշտ հաստատումը։
ՆԳՆ ներկայացուցիչն անդրադարձել է նաև հերթերի վերաբերյալ դժգոհություններին՝ նշելով, որ անձամբ այցելել է մարզային սպասարկման գրասենյակներ և ուսումնասիրել իրավիճակը։ Նրա գնահատմամբ՝ հերթերի առումով իրավիճակն այս պահին այնքան խնդրահարույց չէ, որքան կարող է տպավորություն ստեղծվել հանրային քննարկումներից։ Մարզերում իրականացված ուսումնասիրությունների համաձայն՝ սպասարկման գործընթացը հիմնականում ընթանում է կառավարելի պայմաններում։
Այնուամենայնիվ, հեռախոսակապի հասանելիության և տեխնիկական խնդիրների լուծման հարցերը շարունակում են ուշադրության արժանի մնալ։ Սպասարկման կենտրոններում հերթերի բացակայությունը դեռ չի նշանակում, որ բոլոր քաղաքացիները կարողանում են առանց դժվարությունների օգտվել առցանց ծառայություններից կամ ստանալ անհրաժեշտ խորհրդատվությունը։
Մեկ այլ կարևոր հարց վերաբերում է անձնական տվյալների պաշտպանությանը։ Քանի որ նոր համակարգը ենթադրում է լուսանկարների և մատնահետքերի հավաքագրում, քաղաքացիների համար կարևոր է հասկանալ՝ ինչպես են պահպանվում այդ տվյալները, ովքեր ունեն դրանց հասանելիություն և ինչ երաշխիքներ կան հնարավոր չարաշահումները կանխելու համար։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը վստահեցնում է, որ տվյալների պետական ռեգիստրի վարումն ու տնօրինումը շարունակում է իրականացնել պետությունը, իսկ մասնավոր գործընկերոջ հասանելիությունը սահմանափակված է իրեն վերապահված գործառույթներով։
Նոր կենսաչափական անձնագրերի ներդրումը Հայաստանի անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման գործընթացի արդիականացման կարևոր փուլ է։ Սակայն համակարգի արդյունավետությունը որոշվելու է ոչ միայն փաստաթղթերի անվտանգության մակարդակով ու նոր տեխնոլոգիաներով, այլև նրանով, թե որքանով քաղաքացիները կկարողանան առանց ավելորդ բարդությունների օգտվել ծառայություններից։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Դանիան և Շվեդիան քննադատել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի զանգը Պուտինին. Euronews
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
25-օրյա վարժական հավաքները դեռ կայացման ճանապարհ ունեն, անելիք ունենք
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում