COP17-ի Կապույտ գոտու ՄԱԿ-ի տաղավարում. Կենսաբազմազանությունը և կայուն զարգացումը կրթության մեջ
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ, COP17-ի Կապույտ գոտու ՄԱԿ-ի տաղավարում անցկացրել են քննարկում՝ «Կենսաբազմազանությունը և կայուն զարգացումը կրթության մեջ» խորագրով։
Քննարկման բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի խորհրդական Արևիկ Անափիոսյանը:
Հայաստանից, Արգենտինայից և Մեքսիկայից ժամանած երիտասարդ պատվիրակների, քաղաքականություն մշակողների, կրթության ոլորտի փորձագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է, թե ինչպես կարելի է կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության վերաբերյալ կրթությունը դուրս բերել առանձին նախագծերի ու իրազեկման արշավների շրջանակից՝ այն դարձնելով դպրոցական ուսումնական ծրագրերի, ուսուցիչների մասնագիտական զարգացման և ամենօրյա ուսումնառության անբաժանելի մաս։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանի դիտարկմամբ՝ կրթական համակարգում աշակերտների մոտ բնապահպանական գիտակցության զարգացումը կրթության համակարգի կարևոր խնդիրներից է. «Ամենակարևոր բանը, որ հիմա կարող ենք անել էկոգիտակից մոտեցումներ դրսևորելու նպատակով, աշակերտներին սեփական հետաքրքրությունների շրջանակում ավելի մեծ ազատություն տալն ու այդօրինակ նախագծերում ներգրավելն է: Այլ կերպ ասած՝ տալ հնարավորություն և ապահովել օգնություն՝ արտահայտելու իրենց հետաքրքրություններն ու նախասիրությունները էկոհամակարգի մասին հոգ տանելու գործում»:
Քննարկմանն անդրադարձ է եղել ԿԳՄՍ նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությամբ և Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ մշակված մեթոդական նյութերին, որոնք օգնում են ուսուցիչներին կլիմայի վերաբերյալ կրթությունը ներառել դպրոցական ծրագրերում։
2020-2025 թվականներին նախաձեռնության շրջանակում 33 համայնքի ավելի քան 400 ուսուցիչ աջակցություն է ստացել՝ նախագծային ուսուցման միջոցով կլիմայի փոփոխության վերաբերյալ կրթություն իրականացնելու իր կարողություններն ամրապնդելու համար։ Նույն ժամանակահատվածում 2015 աշակերտ իրականացրել է ավելի քան 275 տեղական բնապահպանական նախագիծ։
«Հայաստանի փորձը ցույց է տալիս, որ կլիմայի փոփոխության վերաբերյալ կրթությունը կարող է լինել գործնական և անմիջականորեն առնչվել երեխաների կյանքին, եթե ուսուցիչներն անհրաժեշտ աջակցություն են ստանում։ Այժմ մեր առաջնահերթ խնդիրն է ամրապնդել ձեռք բերված արդյունքները, և նման կրթությունը հասանելի դարձնել յուրաքանչյուր երեխայի համար»,- ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը:
«Մենք չենք կարող ակնկալել, որ կհասնենք կլիմայի և կենսաբազմազանության պահպանության մեր նպատակներին՝ առանց մարդկանց անհրաժեշտ գիտելիքներով, քննական մտածողության հմտություններով և գործելու կարողությամբ զինելու»,- նշել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի խորհրդական Արևիկ Անափիոսյանը։
Միջոցառման ընթացքում ցուցադրվել է նաև «Սևանիկ» մուլտիպլիկացիոն շարքի թողարկումներից մեկը։ Մուլտիպլիկացիոն շարքը ստեղծվել է ԿԳՄՍ նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ՝ Օն Օֆֆ ստուդիայի (OnOff Studio) հետ համագործակցությամբ։ Այն օրինակ է, թե ինչպես կարելի է հետաքրքիր պատմությունների և գրավիչ բովանդակության միջոցով փոքր տարիքի երեխաներին մատչելի ու հասկանալի ձևով ներկայացնել բնապահպանական խնդիրները։


















































Ջուր չի լինի. հասցեներ
Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ
Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույ...
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՀՀ ԿԳՄՍ նախարարության Երևանի թիվ...
Արգենտինացի դարպասապահին խաղադաշտից հեռացրել են պատգարակով
ՀՀ ՇՄ նախարարը 2 տարի ժամկետով ընտրվեց COP17-ի նախագահ
Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան
Երբ ցանկանում էիք «ավարտին հասցնել գործը», Իրանն ավելի հզորացավ. Աբբաս Արաղչի
Աշոտ Մովսիսյանն այսօր պայքարի դուրս կգա Եվրոպայի Մ23 առաջնությունում