ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալվածներին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ մարտի 30-ին Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՆԳՆ ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայր՝ մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:
«Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել ձերբակալված անձանց հետ, ուսումնասիրել նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը:
Արդյունքները կամփոփվեն, և Պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ` անձանց իրավունքները երաշխավորելու նպատակով:
Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, ներառյալ՝ իշխանությունների գործունեության վերաբերյալ քննադատական դիրքորոշում ներկայացնելու իրավունքը։ Միևնույն ժամանակ, որևէ իրավունքի իրացում չպետք է ուղեկցվի այլ անձանց, այդ թվում՝ պաշտոնատար անձանց նկատմամբ բռնությամբ, բռնության կոչերով, ատելության խոսքի դրսևորումներով և այլն։
Պաշտպանը կարևորում է դեպքի բոլոր հանգամանքների անկախ, բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրությունը: Միևնույն ժամանակ, Պաշտպանը պահանջում է իրավասու մարմիններից ցանկացած գործողություն իրականացնելիս պահպանել իրավաչափության սկզբունքը, զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից, երաշխավորել քաղաքացիների բոլոր իրավունքների պատշաճ իրացումն ու պաշտպանությունը: Այս առումով Պաշտպանը շարունակելու է հետևել իրավիճակին` քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով:
Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է արձանագրել նաև հանրային խոսույթում ատելության և անհանդուրժողականության դրսևորումների տարածման մտահոգիչ միտումը։ Այս համատեքստում Պաշտպանը կոչ է անում զերծ մնալ իրավիճակը սրող, ատելություն կամ բռնություն հրահրող արտահայտություններից՝ հաշվի առնելով դրանց վտանգավոր ազդեցությունը հասարակական համերաշխության վրա։
Հայաստանում ատելության խոսքն ունի մտահոգիչ ծավալներ և օգտագործվում է գրեթե ամենօրյա ռեժիմով։ Սա չափազանց վտանգավոր միտում է, որը կարող է հանգեցնել խորքային բացասական հետևանքների։ Ուստի՝ անհրաժեշտ է համատեղ և հետևողական ջանքերով պայքարել նշված երևույթի դեմ»,- ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ նախօրեին ներկուսակցական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուսակիցների հետ շրջել էր Կենտրոն վարչական շրջանում, այնուհետև Սուրբ Աննա եկեղեցում մասնակցել պատարագի:
Երբ վարչապետը դուրս է եկել եկեղեցուց, մի քանի քաղաքացիների մասնակցությամբ միջադեպ է գրանցվել, նրանցից մեկը փորձել է թիկունքից հարվածել Նիկոլ Փաշինյանին: Վարչապետը բոլորին հանդարտեցրել է և հորդորել մնալ տեղում:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համար
Barbie Signature շարքի նոր տիկնիկ՝ Ուիթնի Հյուսթոնի կերպարով
Մեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը
Ռոբոտ-շները կպահպանեն Չինաստանի լուսնային կայանը
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Երջանիկ եմ հայտնվել նման մեծ ու հարուստ պատմություն ունեցող ակումբում. Ռոնալդ Արաուխո