Վեճ ու ծեծկռտուք՝ Երևանում, եղբայրները վնասվածքներով հոսպիտալացվել են. դեպքի վայրում գտել են բիտա, վնասված մեքենաներ
Նոյեմբերի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 23:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշի Հովսեփյան փողոցում վիճաբանություն է տեղի ունենում և կան վիրավորներ, գրում է Shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Հովսեփյան փողոցի թիվ 20 հասցեի մոտ:
Տեղում պարեկները սահմանազատել են տարածքը, դեպքի վայրում էլ հայտնաբերվել են արնանման հետքեր, բիտա, վնասված ավտոմեքենաներ:
Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «Որովայնի ձախ հատվածի կտրած-ծակած վերքեր և գլխի գագաթային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացի:
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նա Երևանի բնակիչ՝ 57-ամյա Կարեն Ա.-ն է, իսկ ժամը 01:05-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Կենտրոնական բաժին և հայտնում են, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Պոլիտրավմա հարցական» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու:
Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզում են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 54-ամյա Վահագն Ա.-ն է:
Մինչ բժիշկները բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորներին, ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված արարքը կատարել են Երևանի բնակիչներ՝ 23-ամյա Դավիթ Ս.-ն և 20-ամյա Աշոտ Ա.-ն:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կայքի տեղեկություններով՝ վիճաբանության պատճառը եղել է ավտոմեքենայի կայանման շուրջ ծագած վիճաբանությունը, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, իսկ Կարեն և Վահագն Ա.-երը հարազատ եղբայրներ են:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ կասկածյալներ Դավիթ Ս.-ին, Աշոտ Ա.-ին և հանցագործության գործիքը կամ գործիքները հայտնաբերելու ուղղությամբ: