Ինչու են ոստիկանության ոչ բոլոր աշխատակիցները պարգևավճար ստացել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս սեպտեմբերին գրել էր, որ խմբագրությունը բազմաթիվ բողոքներ է ստանում, որ սեպտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության ողջ համակարգը ստացել է պարգեւավճարներ, յուրաքանչյուրը՝ մոտավորապես 120.000 դրամ, սակայն ոստիկանության այն աշխատակիցները, որոնք գործուղված են եղել ՀՀ ոստիկանական ակադեմիա՝ վերապատրաստման, պարեկային ծառայության դասընթացների եւ այլն, չեն ստացել պարգեւավճարներ, առանց հիմնավորման:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել ՀՀ ոստիկանության հետ՝ պարզելու՝ ինչ հիմնավորմամբ եւ ընտրությամբ են ոստիկանության աշխատակիցների մի մասը ստացել պարգեւավճարներ, մի մասը՝ ոչ: Օրեր անց միայն ոստիկանությունից մեզ ոչ թե ներկայացրին հարցի պատասխանները, այլ խնդրեցին 30 օր՝ տեղեկություն տրամադրելու համար հավելյալ աշխատանք կատարելու նպատակով:
Միայն երեկ «Ժողովուրդ» օրաթերթին ՆԳՆ-ից տեղեկացնում են. «ՀՀ ներքին գործերի նախարարի՝ 12.09.2023 թվականի թիվ 813-Ա հրամանով՝ պարգեւատրում են ստացել ՀՀ ներքին գործերի նախարարության ծառայողները (աշխատողները)։ Պարգեւատրման համար հիմք է հանդիսացել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ մասը, այն է՝ պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված համապատասխան լիազորություններով օժտված այլ պաշտոնատար անձը հատուկ առաջադրանքների եւ (կամ) որակյալ աշխատանքի կատարման համար պետական ծառայողներին կարող է պարգեւատրել աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից եւ (կամ) օրենքով չարգելված այլ աղբյուրներից»:
Վերը նշված տերմիններով լեցուն այս տեքստից կարելի է ենթադրել, որ ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը կամ այս պարագայում Արթուր Խուդինյանը կարող են պարգեւատրել բոլոր այն ծառայողներին, որոնք իրենց աշխատանքը որակյալ են կատարել: Չանդրադառնալով այն հարցին, որ նրանք պարտավոր են որակյալ աշխատանք կատարել, միանգամից անդրադառնանք այն կետին, որ մեզ ահազանգած քաղաքացին պնդում է, որ պարգեւներ ստացել են բոլոր աշխատակիցները:
Այսինքն՝ ՆԳՆ-ում անխտիր բոլորը պարգեւավճարի արժանի գործեր են կատարում այն պարագայում, երբ հասարակությունը բողոքում է, օրինակ, պարեկների ոչ պատշաճ պահվածքից, ոստիկանները ցույցերի ժամանակ անօրինական բերման են ենթարկում քաղաքացիներին: Թե ինչու են բոլորը ստացել պարգեւավճար, իսկ ՀՀ ոստիկանական ակադեմիա դասընթացների՝ վերապատրաստման ուղարկված աշխատակիցները՝ ոչ, «Ժողովուրդ» օրաթերթը ավելի ուշ կհրապարակի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվահամարում