Սպանություն՝ Աքորի գյուղում. 22-ամյա կասկածյալին ոստիկանները արագ գտել են, նա եղել է ոչ սթափ
Հոկտեմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում. Ժամը 21:50-ի սահմաններում Ալավերդի բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ժամը 19:30-ի սահմաններում կանչով մեկնել է Ալավերդի խոշորացված համայնքի Աքորի բնակավայր, որտեղ 2-րդ փողոցի կոնտրոնական հատվածում հայտնաբերել են տղամարդու դի, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի Աքորի գյուղի բնակիչ, 50-ամյա Արտակ Ս-ն է: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա ձախ թիկունքային հատվածում հայտնաբերվել է կտրած-ծակած վերքեր:
Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Իրավապահները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը, ժամը 21:00-ի սահմաններում Արթուր Ս-ին պատկանող ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենան Աքորի գյուղի 2-րդ փողոցում խափանվել է, ինչի պատճառով էլ ճանապարհահատվածի երթևեկությունը, իբրև թե, խոչընդոտվել է, ինչից հետո Աքորի գյուղի բնակիչ Արտակ Ս.-ի և Աքորի գյուղի բնակիչ, 45-ամյա Արթուր Ս-ի միջև վիճաբանություն է առաջացել, որը վերածվել է քաշքշուկի, և այդ ընթացքում դեպքի վայր է եկել Արթուր Ս.-ի տղան՝ Աքորի գյուղի բնակիչ 22-ամյա Դավիթ Ս.-ն, ով ավտոմեքենայի սրահից վերցրել է սուր կտրող, ծակող առարկա, և մի քանի անգամ հարվածներ է հասցրել Արտակ Ս-ի ձախ թիկնային հատվածին, ինչն էլ դարձել է վերջինիս մահվան պատճառ:
Ոստիկանները մի քանի հասցեներ են ստուգել՝ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ, ապա նրան հայտնաբերել են իր տանը և սպանություն կատարելու հիմնավոր կասկածի առկայությամբ ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Թումանյանի բաժին, որից հետո նրան ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին:
Ոստիկանները պարզել են նաև այդ ամենին ականատես եղած անձանց ինքնությունը:
Կասկածյալը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած):