Մանկապարտեզի տնօրենը հինգ տարում գողացել է 65 մլն դրամ գումար
Ավարտվել է «Երեւանի թիվ 110 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Քննչական կոմիտեից։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ հիշյալ մանկապարտեզի տնօրենը, 2000-2019թթ. զբաղեցնելով հիշյալ պաշտոնը եւ հանդիսանալով պաշտոնատար անձ, օգտվելով իր պաշտոնեական լիազորություններից, մասնավորապես՝ կազմակերպության ֆինանսական միջոցները տնօրինելու հնարավորությունից, 2015թ. հունվարից մինչեւ 2019թ. մայիսն ընկած ժամանակահատվածում իրեն վստահված, մանկապարտեզի բյուջեում ներառված ֆինանսական միջոցները նպատակային ծախսելու եւ ի շահ մանկապարտեզի օգտագործելու փոխարեն, մանկապարտեզի գլխավոր հաշվապահին հրահանգել է ստորագրել տարբեր չափերի գումարների կանխիկացման չեկեր իր եւ դստեր անուններով: Նշված չեկերը ստորագրելուց հետո գլխավոր հաշվապահը փոխանցել է տնօրենին, որոնք վերջինս կնքել է կազմակերպության կնիքով: Այնուհետեւ, մանկապարտեզի տնօրենի հրահանգով, գլխավոր հաշվապահը եւ նրա դուստրը տարբեր բանկերից կանխիկացրել են գումարները եւ փոխանցել տնօրենին:
Վերը նկարագրված սխեմայի կիրառմամբ ՀՈԱԿ-ի ֆինանսական միջոցներից յուրացվել է առանձնապես խոշոր չափի՝ 65.051.590 ՀՀ դրամ գումար:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հիշյալ ՀՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ գլխավոր հաշվապահին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Պետությանը պատճառված վնասից նախաքննության ընթացքում մեղադրյալների կողմից վերականգնվել է 7.000.000 ՀՀ դրամ:
Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: