51 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց․ Լոռի Բերդի համայնքապետի ունեցվածքը
Հայաստանի 70 համայնքապետներից ամենաշատը անշարժ գույք ու տրանսպորտային միջոցներ 2022 թվականին հայտարարագրել է Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը, գրում է hetq.am-ը։
Նախկինում Հայաստանի Հանրապետական կուսակցության, այժմ էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ներսիսյանը համայնքապետի պաշտոն զբաղեցնում է 1996 թվականից։ Մինչև 2017 թվականը՝ շուրջ 20 տարի, եղել է Լոռու մարզի Կողես համայնքի ղեկավար, դրանից հետո երկու անգամ ընտրվել է Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար՝ ընդհանուր առմամբ հաղթելով 9 անընդմեջ ընտրություններում։
Արայիկ Ներսիսյանը 51 անշարժ գույք է հայտարարագրել, որոնց մեծ մասը՝ 45-ը՝ միանձնյա սեփականության իրավունքով։ Դրանցից 50-ը գտնվում են Լոռու մարզում, մեկը՝ Երևանում։ Համայնքապետի հայտարարագրում նշված է 39 հողամասի, 5 բնակարանի, 1 արտադրական շինության և 2-ական բնակելի տան, ավտոտնակի ու հասարակական շինության մասին։
2021 թվականի տարեվերջին Լոռի Բերդի համայնքապետը 44 անշարժ գույք էր հայտարարագրել, իսկ հաջորդ տարվա սկզբում այս ցանկում 7 չհայտարարագրված գույք է ավելացել։ «Հետքի» հետ զրույցում Արայիկ Ներսիսյանը նշեց, որ դրանք վարձակալական հողատարածքներ են, որոնք համայնքապետը ձեռք է բերել շուրջ 20 տարի առաջ, նախորդ տարիներին էլ, նրա խոսքով, հողամասերը սխալմունքի արդյունքում են ցանկից դուրս մնացել։
«Չենք իմացել, ճիշտ չենք ընկալել։ Վարձակալականները՝ որպես սեփականության ձև, չենք ներառել հայտարարագրի մեջ, այս տարի ավելացրել ենք»,- ասաց Ներսիսյանը։
2022-ի ապրիլին՝ հաշվետու տարում, Արայիկ Ներսիսյանը, ըստ տարվա վերջում առկա անշարժ գույքի տվյալների, արտադրական նշանակության շինություն է ձեռք բերել, որը, սակայն, տվյալ տարվա ընթացքում ձեռք բերված անշարժ գույքի հայտարարագրման հատվածում նշված չէր։ Ներսիսյանը խոսքով՝ ինքը նախորդ տարվա ընթացքում ոչ մի անշարժ գույք ձեռք չի բերել։ Արտադրական նշանակության շինություն, ասում է, ձեռք է բերել 15-17 տարի առաջ(2006 թվականին՝ ըստ նախորդ տարիների հայտարարագրերի), անցած տարի վկայականում փոփոխություններ են արվել։
«Վկայականն է փոխվել։ Այն ժամանակվա կադաստրային քարտեզներում մոտավոր նկարներ էին, անցած տարի նոր չափագրում է արվել։ Տարածքի չափը չի փոխվել, ուղղակի կոորդինատներն են հստակեցվել»,- մեկնաբանեց համայնքապետը։
Լոռի Բերդի համայնքապետը նաև ամենաշատ տրանսպորտային միջոցներն է հայտարարագրել՝ թվով 12-ը։ Դրանց թվում է նաև 2021-ին ձեռք բերած 2008 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենան, որը, ըստ նախորդ տարվա հայտարարագրի, պաշտոնյան ձեռք է բերել 12 մլն ՀՀ դրամով։ Մնացած տրանսպորտային միջոցները ևս՝ ներառյալ գյուղտեխնիկան, Ներսիսյանը ձեռք է բերել պաշտոնավարման տարիներին՝ 1996 թվականից սկսած։
***
«Հետքը» շարունակում է ուսումնասիրել բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերը։ Առաջիկայում հայտարարագրերի վերաբերյալ նոր հրապարակումներ կունենանք։