Փոխքաղաքապետի շուրջ կատարվածը՝ շոու. նա աշխատանքի է հաճախում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի շուրջ կատարվածը ընդամենը շոու էր։ Ինչպես հայտնի է, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետեւանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։
Գեւորգ Սիմոնյանը կալանավորվել էր, ապա ազատ արձակվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա ակտիվ անցել է աշխատանքի Երեւանի քաղաքապետարանում։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ Սիմոնյանը նորմալ աշխատանքի է հաճախում եւ իր շուրջ ստեղծված իրավիճակը փուչիկ է որակել։ Նշենք, որ Կորոնավիրուսի տարածման շրջանում ենթադրյալ չարաշահումների գործով դեռ մարտ ամսին կալանավորվել էր նաեւ «Մեդլայն» բժշկական կենտրոնի տնօրենը, 10 բուժաշխատողներ ձերբակալվել էին, անգամ ծանուցագիր էր ուղարկվել առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին, սակայն մինչ օրս այս մասին որեւէ նորություն առկա չէ՝ նախկին նախարարը հարցաքննվեց, թե ոչ:
Այսինքն՝ հայտարարություն եղավ, թե չարաշահումներ են եղել, մարդիկ կալանավորվեցին, սակայն մինչեւ օրս վերջնական բացահայտում դեռ չկա:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։