Պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի չորրորդ հանդիպմանը չի հաջողվել համաձայնության գալ քարտեզի շուրջ
Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման երկու երկրների հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը համաձայնության ձեռք չի բերվել, թե որ թվականի քարտեզը պետք է հիմք ընդունվի սահմանազատումն իրականացնելիս։ Ի պատասխան «Փաստինֆո»-ի հարցմանը` այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ կայացած հանդիպմանը կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի:
«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ փոխվարչապետի գրասենյակ՝ խնդրելով տեղեկացնել, թե արդյոք հանդիպմանը հաջողվել է համաձայնության գալ քարտեզի շուրջ։
«Որևէ քարտեզի մասով որևէ որոշում չի կայացվել: Քննարկված հարցերի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ կողմից հրապարակվել է պաշտոնական հաղորդագրություն»,- հայտնել են կառույցից։ Ավելին, ինչպես հայտնել են Մ.Գրիգորյանի գրասենյակից, հայտնի չէ նաև հաջորդ հանդիպման վայրն ու օրը։