Մասիսի Արևաբույր գյուղի վարչական ղեկավարն ու իր ընկերները ծեծի են ենթարկել «Սպեցնազ» ՍՊԸ-ի պահնորդին
Ապրիլի 30-ին, ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս խոշորացված համայնքի Արևաբույր գյուղում ծեծկռտուք է տեղի ունեցել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։ Եվ այդ օրը, ժամը 15։50-ի սահմաններում Արևաբույր գյուղի Բաղրամյան փողոցում էլեկտրական լարերին խանգարող ծառի ճյուղերը կտրելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նույն գյուղի բնակիչներ 36-ամյա Արայիկ Մելքոնյանի և 36-ամյա Տաճատ Մարգարյանի, 36-ամյա Ներսես Գասպարյանի և 26-ամյա Շավարշ Ավետիսյանի միջև, որի ընթացքում վերջիններս բռունցքներով ու ոտքերով հարվածներ են հասցրել Ա․ Մելքոնյանի մարմնի տարբեր հատվածներին։
Ոստիկանները տեղում հայտնաբերել են Տ․ Մարգարյանին, Ն․ Գասպարյանին և Շ․ Ավետիսյանին և տեղափոխել Ոստիկանության Մասիսի բաժին։
Դեպքի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ բաժին տեղափոխվածներից Տ․ Մարգարյանը Մասիս խոշորացված համայնքի Արևաբույր գյուղի վարչական ղեկավարն է, իսկ ծեծված Ա․ Մելքոնյանը աշխատում է «Սպեցնազ» ՍՊԸ-ում որպես պահնորդ: