Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ուղեկցվել են ոստիկանների հետ բախումներով. կան տուժածներ
Թբիլիսիում ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ եւ ջրնետ մեքենաներ «օտարերկրյա գործակալների» մասին աղմկահարույց օրենքի դեմ բողոքողների ցույցը ցրելու համար։ ՆԳՆ-ն նշել է, որ ցույցն «ընդունել է բռնի բնույթ»։
Վրաստանի հեռուստատեսության ցուցադրած կադրերում երեւում է, թե ինչպես է ամբոխը փակում Ռուսթավելու պողոտան, իսկ ոստիկանությունն օգտագործում է ջրնետ մեքենա։ Ցուցարարների ձեռքերում Վրաստանի եւ Եվրամիության դրոշներն են։
Բախումները շարունակվել են մինչեւ ուշ գիշեր, ավելի ուշ ոստիկանությունը ցուցարարներին հետ է մղել խորհրդարանի շենքի մոտից։
Վրաստանի ՆԳՆ-ի հայտարարությունում նշվել է, որ ինչպես ոստիկանների, այնպես էլ ցուցարարների շարքերում կան տուժածներ, նրանց թիվը չի նշվել։ Ոստիկանությունը նաեւ կալանավորել է ցուցարարների, որոնց թվի մասին նույնպես չի նշվել. Mtavari հեռուստաալիքի տվյալներով՝ նրանց թիվը հասնում է տասնյակների։
Վրաստանի ՆԳՆ-ում հայտարարել են, որ բողոքի ցույցն «ընդունել է բռնի բնույթ, ցույցի մասնակիցները փորձել են շրջափակել խորհրդարանի մուտքերից մեկը, տեղի են ունեցել բռնի գործողություններ նախարարության աշխատակիցների հանդեպ»։ Ընդդիմությունը պնդում է, որ ցույցը խաղաղ էր։
Բողոքի ցույցը խորհրդարանի մոտ սկսվել է այն բանից հետո, երբ առաջին ընթերցմամբ ընդունվել է աղմկահարույց օրինագիծ, որը նման է «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքին։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը պաշտոնական այցով գտնվում է ԱՄՆ-ում, Նյու Յորքի Ազատության արձանի ֆոնին աջակցության խոսքով դիմել է Ռուսթավելու պողոտայի ցուցարարներին։
«Ես առաջին օրվանից ասել եմ, որ վետո կդնեմ այդ օրենքի վրա, եւ կդնեմ։ Ինձ չի անհանգստացնում դրա հոդվածական քննարկումը, ինձ չի հուզում դրա նմանությունն ինչ-որ ամերիկյան հին օրենքի, որը, ինչպես մենք լավ գիտենք, միանգամայն այլ նպատակների է ծառայում»,- ասել է Զուրաբիշվիլին։
Վրաստանի նախագահի լիազորությունները խիստ սահմանափակ են, եւ ցանկացած պարագայում կառավարող կուսակցությունը կունենա բավականաչափ ձայներ խորհրդարանում՝ նախագահական վետոն հաղթահարելու համար։

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...