«Արարատ-Արմենիայի» ավագ Գուֆրանը դադարեցրել է կարիերան եւ վերադարձել Ֆրանսիա
Երեւանի «Արարատ-Արմենիա» 35-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան, թիմի ավագ Յոան Գուֆրանը ժամանակավորապես դադարեցրել է ֆուտբոլային կարիերան եւ վերադարձել է հայրենիք։
«Ափսոսանքով հայտնում ենք, որ մեր թիմի ավագ, կիսապաշտպան Յոան Գուֆրանը ընտանեկան խնդիրների պատճառով ստիպված է եղել վերադառնալ հայրենիք և այս պահի դրությամբ ժամանակավորապես կասեցնել իր ֆուտբոլային գործունեությունը։
Մեր ակումբը անչափ շնորհակալ է հանրաճանաչ ֆուտբոլիստից՝ մեր հրավերը ընդունելու և մեր ընտանիքի մասնիկը դառնալու համար։ Գուֆրանը պրոֆեսիոնալիզմով, նվիրումով և անհատական բացառիկ հատկանիշներով օժտված ֆուտբոլիստ է, ով իր ամենօրյա աշխատանքով հիանալի օրինակ էր ծառայում հատկապես ակումբի երիտասարդ ֆուտբոլիստների համար։
Մեր ակումբի կազմում Գուֆրանը մասնակցել է 50 հանդիպման դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ, դարձել Հայաստանի չեմպիոն։ «Արարատ-Արմենիայի» դռները միշտ բաց կլինեն քեզ համար։ Մենք քեզ հետ ենք, ավա՛գ»,- նշվում է ակումբի հաղորդագրությունում։
«Արարատ Արմենիան» այս տարվա հունիսին էր երկարաձգել պայմանագիրը Գուֆրանի հետ մինչեւ 2022թ․ հունիսի 30-ը։ Յոան Գուֆրանը հանդես է եկել ֆրանսիական «Կանի», «Բորդոյի», անգլիական «Նյուքասլի» կազմում։ «Արարատ-Արմենիային» նա միացել էր 2020թ. փետրվարի 1-ին ազատ գործակալի կարգավիճակում։
Յոան Գուֆրանը «Բորդոյի» կազմում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր և կրկնակի սուպերգավաթակիր: