2020թ․ լավագույն մրցավարը կսպասարկի Ռումինիա - Հայաստան հանդիպումը
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 8-րդ տուրի Ռումինիա - Հայաստան հանդիպումը կսպասարկեն իտալացի մրցավարներ, հաղորդում է uefa.com-ը։ Գլխավոր մրցավար է նշանակվել 45-ամյա Դանիելե Օրսատոն, որը ՖԻՖԱ-ի մրցավար է 2010 թվականից, 2020-ին եղել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ՊՍԺ - «Բավարիա» (0։1) հանդիպման գլխավոր մրցավարը, ճանաչվել է անցած տարվա աշխարհի լավագույն մրցավար IFFHS-ի (Ֆուտբոլային պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիա) վարկածով։
Հիշեցնենք, որ Օրսատոն սպասարկել է Հայաստան-Սլովակիա (3:1) հանդիպումը: Հուսանք, որ նրա ոտքը այս անգամ էլ հաջողաբեր կլինի մեր հավաքականի համար:
Բուխարեստի «Ստյաուա» ստադիոնում անցկացվելիք խաղում նրա օգնականները կլինեն Ալեսանդրո Ջիալատինին եւ Ջորջիո Պերետին։ Չորրորդ պաշտոնյան է Լուկա Պայրետոն։ VAR-ի մրցավարները նույնպես Իտալիայից են՝ Մաուրիցիո Մարիանի եւ Ջիակոմո Պագանեզի։
Ռումինիա - Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։
ԱԱ-2022, ընտրական փուլ, 8-րդ տուր
J խումբ
Ռումինիա - Հայաստան՝ 22։45
Հյուսիսային Մակեդոնիա - Գերմանիա՝ 22։45
Իսլանդիա - Լիխտենշտեյն՝ 22։45