Անչելոտի. Հաղթեցինք ոչ թե մեր խաղի որակի շնորհիվ, այլ՝ թիմային ոգու
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում «Վալենսիայի» նկատմամբ արտագնա հաղթանակը 2։1 հաշվով։ Մինչև 86-րդ րոպեն Արքայական ակումբը հաշվի մեջ հետապնդողի դերում էր, սակայն վերջնամասում կամային հաղթանակ կորզեց բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորի ու ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի գոլերի շնորհիվ։
«Ունեմ թիմ, որը մշտապես կռվում է՝ խաղալով լավ, թե՝ վատ: Թիմը հավատում է իր ուժերին մինչև վերջ: Զգացողություններն այդպիսին են:
Վատ էինք պաշտպանվում, ագրեսիվ չէինք, այդ պատճառով հաշվի մեջ հետապնդողի դերում էինք: Նման բան լինում է: Չեմպիոնների լիգայում ծանր խաղից հետո սա ևս բարդ հանդիպում էր մեզ համար: Մենք նույնքան թարմ չէինք, որքան «Վալենսիան»:
Մեր բախտը բերել է, որ ունենք Վինիսիուս և Բենզեմա, որոնք մեկական գոլ խփեցին: Ազարը ևս լավ խաղաց: Գոհ եմ նաև Կարվախալից ու Կամավինգայից: Պետք է բարելավենք մեր խաղը պաշտպանությունում, իսկ մնացած առումներով ամեն բան կարգին է:
Հաղթեցինք ոչ թե մեր խաղի որակի շնորհիվ, այլ անկոտրում թիմային ոգու: Պայքարեցինք մինչև վերջ: Չեմ կարող ասել, որ ցուցադրում ենք հրաշալի, դիտարժան ֆուտբոլ: Պետք է ավելի ագրեսիվ գործենք առանց գնակի ու պաշտպանությունում, սակայն այսպիսի տրամադրվածությամբ մենք կհասնենք դրան»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է AS-ը:
«Վալենսիայի» դեմ խաղը 62-ամյա Անչելոտիի համար գլխավոր մարզիչի պաշտոնում 800-րդն էր ուժեղագույնների լիգաններում:
«Ռեալն» Իսպանիայի առաջնությունում կրկնել է ակումբային ռեկորդ՝ արտագնա խաղերում անպարտելի շարքը հասցնելով 18 հանդիպման: Մադրիդցիները նման շարք ունեցել էին նաև 1997-ին և 2016-ին: Լա լիգայի նախորդ 18 արտագնա խաղերում «Ռեալը» տարել է 12 հաղթանակ ու գրանցել 6 ոչ ոքի: