Էմերսոն. Երազում էի խաղալ «Բարսելոնայում», բայց նրանք որոշեցին վաճառել ինձ
«Բարսելոնայից» Լոնդոնի «Տոտենհեմ» տեղափոխված բրազիլացի պաշտպան Էմերսոնը պատմել է, որ ցանկություն չի ունեցել լքել կատալոնական ակումբը։
«Ես մտածում էի, որ «Բարսելոնան» ցանկանում է պահել ինձ կազմում։ Կիրակի խաղացի մեկնարկային կազմում, հաջորդ առավոտյան գնացի մարզման, իսկ հետո իմացա, որ իմ տրանսֆերի հարցով բանակցում են «Տոտենհեմի» հետ։ Ես չէի հասկանում՝ ինչ է կատարվում։ Ոչինչ չգիտեի։ Կեսօրից հետո ինձ զանգեցին եւ հայտնեցին, որ ցանկանում են վաճառել ինձ։
Ես հանդիպեցի ղեկավարության հետ։ Նրանք ասացին, որ ակումբում վիճակն այնքան էլ կայուն չէ, ես միացել եմ թիմին շատ բարդ ժամանակաշրջանում։ Ես կրկնեցի, որ կցանկանայի մնալ, քանի որ երազել եմ խաղալ «Բարսելոնայում»։ Բայց հետո հասկացա, որ իմ խոսքը ոչ մի նշանակություն չունի։ Նրանք որոշեցին վաճառել ինձ։ Ցավալի է, որ այդպես ստացվեց։ Ակումբը կարող էր այլ կերպ վարվել»,- Էմերսոնի խոսքը մեջբերում է Marca-ն։
«Տոտենհեմը» 22-ամյա ֆուտբոլիստի համար վճարել է 25 միլիոն եվրո եւ կնքել է 5 տարվա պայմանագիր։