Տոկիո-2020. Վարսենիկ Մանուչարյանն ավարտեց ելույթը
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի լողի մրցաշարում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Վարսենիկ Մանուչարյանն ավարտեց ելույթը:
100 մետր ազատ ոճում 18-ամյա մարզուհին գրանցեց 59.18 վայրկյան արդյունք և չկարողացավ հաղթահարել որակավորման փուլի արգելքը: Երկրորդ լողահերթում նա 6-րդն էր: Կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեցին 1-16-րդ տեղ գրաված լողորդները:
Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Վարսենիկ Մանուչարյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) Հայաստանի դրոշակակիրներն էին:
Տոկիո-2020-ի լողի մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Բարսեղյանը հուլիսի 27-ին 38-րդ տեղն էր գրավել 100 մետր ազատ ոճում՝ գրանցելով 49.78 վայրկյան արդյունք: Հուլիսի 30-ին Արթուր Բարսեղյանն ուժերը կփորձի նաև 50 մետր ազատ ոճում:
Վարսենիկ Մանուչարյան, լող, 100 մետր ազատ ոճ
Ծնվել է 2003 թվականի հուլիսի 11-ին Երեւանում:
Անձնական մարզիչ՝ Կարեն Բարսեղյան։
Վարսենիկ Մանուչարյանը պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների Հայաստանի բազմակի չեմպիոն է եւ ռեկորդակիր, միջազգային մրցաշարերի հաղթող, մրցանակակիր:
Վարսենիկ Մանուչարյանի առաջին լուրջ փորձը միջազգային մրցաշարում եղել է 2017 թվականին Հունգարիայում անցկացված Եվրոպական օլիմպիական փառատոնը, որտեղ բարելավել իր անձնական արդյունքները, բայց մրցանակային տեղ չի զբաղեցրել: Անձնական արդյունքների բարելավում գրանցել է նաեւ 2017 թվականի պատանիների աշխարհի առաջնությունում: 2018 թվականին մասնակցել է Հելսինկիում տեղի ունեցած պատանիների Եվրոպայի առաջնությանը, ապա նաեւ Չինաստանում անցկացված մեծահասակների աշխարհի առաջնությանը: Խոշոր մրցաշարերում հայ լողորդը դեռեւս մրցանակային տեղեր չի զբաղեցրել:
2019 թվականի Համահայկական խաղերի չեմպիոն է:
Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի օլիմպիական հավաքականի ամենակրտսեր անդամն է՝ 18 տարեկան:
Տոկիո-2020-ի ուղեգիրը ստացել է սպիտակ քարտի միջոցով: