«Մանչեսթեր Սիթին» մոտ է Պրեմիեր լիգայի պատմության ամենաթանկ տրանսֆերին
Անգլիական «Աստոն Վիլայի» կիսապաշտպան Ջեկ Գրիլիշը մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն:
ESPN-ի համաձայն՝ կողմերը փոխհամաձայնության են եկել Անգլիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում: Անգլիայի չեմպիոնը 100 միլիոն ֆունտ ստերլինգ կվճարի Գրիլիշի տեղափոխության համար: Դա կդառնա Պրեմիեր լիգայի պատմության ամենաթանկ տրանսֆերը:
Այս պահին Պրեմիեր լիգայի պատմության ամենաթանկ տրանսֆերը պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդին», որը Թուրինի «Յուվենտուսից» 89 միլիոն ֆունտ ստերլինգով է ձեռք բերել ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային:
Անգլիայի ավարտված առաջնությունում Ջեկ Գրիլիշը մասնակցել է 26 հանդիպման, դարձել 6 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ: