Վարդան Մինասյան. Մեր թիմը դեռ կայացման փուլում է
«Տարազի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնաբանել է ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 10-րդ տուրում առաջատար «Աստանայից» կրած պարտությունը նվազագույն հաշվով:
«Ինչ ծրագրել էինք խաղից առաջ, աշխատում էր սկզբնամասում, բայց Պեդրոյի վնասվածքը մեզ ստիպեց վերադասավորվել: Թիմը լավ էր գործում պաշտպանությունում, սակայն մի փոքր նվազեց սրությունն առջևի գծում:
Ֆուտբոլում պատահականություններ չեն լինում: Եթե մրցակիցը հաղթել է, նշանակում է, որ արժանի է դրան: Ինչ վերաբերում է մեր թիմին, ես գոհ եմ, թե ինչպես խաղացողներն արձագանքեցին դաշտում տեղի ունեցող իրադարձություններին, ցուցադրեցինք ուժեղ բնավորություն, ճնշում գործադրեցին և շատ էին ցականում գոլ խփել:
Չեմ կարծում, որ մրցակիցը շատ կոպիտ էր խաղում: Ֆուտբոլը կոնտակտային մարզաձև է, պետք է պատրաստ լինել դրան: Պետք է վերլուծել տեղի ունեցածը և շարժվել առաջ: Մտադիր ենք աշխատել, առաջադիմել ու չհուսահատվել: Մենք դեռ կայացման փուլում ենք»,- մարզիչի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Տիգրան Բարսեղյանը և Վարազդատ Հարոյանն «Աստանայի» կազմում անցկացրել էին ամբողջ հանդիպումը: 54-րդ րոպեին Բարսեղյանը դարձել էր գոլային փոխանցման հեղինակ, իսկ առաջին խաղակեսում ստացել էր նաև դեղին քարտ: «Աստանան» 26 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Տարազը» 17 միավորով չորրորդն է: