Յուրգեն Կլոպ․ Մենք կորցնելու ոչինչ չունենք «Ռեալի» հետ պատասխան խաղում
Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղից սպասումների մասին։
Առաջին խաղում անգլիական թիմը Մադրիդում պարտվել է 1։3 հաշվով։
«Երբ առաջին խաղում պարտվում ես 1։3 հաշվով, կարելի է կարծել, որ արդեն դուրս ես մնացել պայքարից, այնպես որ մենք կորցնելու ոչինչ չունենք։ Մենք կփորձենք, դա մեր աշխատանքային պարտականությունն է։ Հենց այսպիսի մտքերով ենք մոտենում պատասխան խաղին։
Շատ կարեւոր է գոլ բաց չթողնել։ Անտեսել խաղը պաշտպանությունում չի կարելի, այլապես կպատժեն։ Բայց ես վստահ չեմ, որ աշխարհում կա մի թիմ, որը կարող է «Ռեալին» թույլ չտալ ոչ մի գոլային պահ։
Եթե կարողանանք ավելի սուր խաղալ, քան Մադրիդում, կարելի է այլ արդյունք ակնկալել։ Իսկ Մադրիդում, մենք գրեթե ոչինչ չստեղծեցինք։ Մենք չենք կարող երաշխավորել «քամբեք», առավել եւս առանց երկրպագուների։
Երկու թիմերի համար էլ լարված մրցաշրջան էր։ Երկու թիմերում էլ եղել են շատ վնասվածքներ։ Մրցաշրջանի վճռական փուլը հիմա է սկսվում։ Վստահ եմ, որ «Բարսելոնային» հաղթելուց հետո «Ռեալը» հոգնած չի լինի, այլ պատրաստ կլինի 100 տոկոս»,- Կլոպի խոսը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Լիվերպուլ» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 14-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։