Անչելոտի. «Մանչեսթեր Սիթիին» դիմակայելն անիրական է
«Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Անգլիայի առաջնության 16-րդ տուրից հետաձգված առաջատար «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունը 1:3 հաշվով:
«Մեզ համար բարդ էր, գրեթե անիրական էր դիմակայել այս մրցակցին: Մենք խաղի մեջ էինք մոտ մեկ ժամ և պայքարում էինք: Երբ մրցակիցը խփեց երկրորդ գոլը, մեր գործը շատ բարդացավ: «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի լավագույն թիմն է այս պահին, իսկ մենք այլ մակարդակի վրա ենք: Նրանք ունեն վարպետություն, հզորություն ու հավատում են իրենց ուժերին: Նրանց հետ մրցակցելն անչափ դժվար է:
«Լիվերպուլի» դեմ կցուցադրենք այլ խաղ: Վերջին շրջանում մենք հաջող ենք հանդես գալիս արտագնա խաղերում: «Լիվերպուլն» ունի ֆանտաստիկ թիմ, սակայն ֆուտբոլում հնարավոր չէ կանխատեսել ապագան»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է BBC-ն:
Հիշեցնենք, որ այդ խաղում «Էվերտոնը» Պրեմիեր լիգայում կրեց երրորդ անընդմեջ տնային պարտությունը: Կարլո Անչելոտին առաջնությունում նման անհաջող շարք նախորդ անգամ ունեցել էր 2006 թվականին, երբ գլխավորում էր իտալական «Միլանը»:
«Մանչեսթեր Սիթին» բոլոր մրցաշարերում տարավ 17-րդ անընդմեջ հաղթանակը և 56 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 10 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ, իսկ «Էվերտոնը» մեկ հանդիպում քիչ է անցկացրել և 37 միավորով 7-րդն է։