Հայաստանի հետ կարգավորումը դժվար է, քանի որ մարդկանց ուղեղները լվացվել են դեռևս տարրական դպրոցից. թուրք գրող
Ermenihaber.am-ը հայ-թուրքական երկխոսության գործընթացի վերաբերյալ զրուցել է թուրք քաղաքագետ, գրող-հրապարակախոս և պրոֆեսոր Բասքըն Օրանն է։ Օրանը ծնվել է 1945թ․ Իզմիրում։ Նա Թուրքիայում «Ներեցեք մեզ, հայեր» ստորագրահավաքի նախաձեռնողներից է, և զբաղվում է ազգային փոքրամանսությունների խնդիրներով, ինչպես նաև նրա ուսումնասիրությունները վերաբերում են ազգայնականության թեմային:
-Արցախյան 44-օրյա պատերազմից գրեթե 2 տարի անց Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներակայացուցիչների նշանակմամբ կարգավորման գործընթաց սկսվեց: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ներկա փուլում իրատեսական համարո՞ւմ եք։ Եթե՝ այո, ինչո՞ւ, եթե՝ ոչ, ինչո՞ւ։
-Երկար ժամանակ է, առնվազն 2011 թվականից ի վեր, գոյություն չունի թուրքական արտաքին քաղաքականություն, փոխարենը կա Էրդողանի արտաքին քաղաքականություն, և դա էլ ամբողջովին իրականացվում է՝ Էրդողանի ներքին քաղաքականության համաձայն։ Այսինքն, Ձեր նշած հարցը կախված կլինի Էրդողանի ներքին քաղաքականության պահանջներից։ Ամեն դեպքում, քանի որ ներքաղաքական այս իրավիճակը ծայրաստիճան անորոշ է, հատկապես այս պահին, գործընթացն այս պահից ևեթ կանխատեսելի չէ։
-Կողմերը մի քանի համաձայնության եկան, սակայն մինչ օրս պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար Թուրքիայի կողմից ոչ մի քայլ չի արվել։ Անկարան Երևանի հետ հարաբերությունները դիտավորյա՞լ չի ցանկանում կարգավորել, թե՞ այլ պատճառներ կան։
-Իհարկե, դժվար է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել՝ մասամբ գաղափարական նկատառումներով (իսլամ և ազգայնականություն), մասամբ Ադրբեջանի էներգակիրների արտահանումից կախվածության պատճառով, մասամբ էլ այն պատճառով, որ մարդկանց ուղեղները լվացվել են դեռևս տարրական դպրոցից։ Եթե արգործնախարարությունը վարեր Թուրքիայի արտաքին քաղաքականությունն, դա ավելի հեշտ կլիներ։ Սակայն այս նախարարությունը մեծավ մասամբ մեկուսացվել է։ Ե՛վ ներքաղաքական դերի պատճառով, որի մասին ես վերը նշեցի, և՛ այն պատճառով, որ ԱԶԿ-ն նախարարությունում որպես դիվանագետներ իր քաղաքական գործիչներին է նշանակում։ Դա այդպես չի կարող շարունակվել, քանի որ հակասում է արտաքին քաղաքականության բնույթին։
-Հայաստանը դրական արձագանքեց նաև Քըլըչի՝ Երևանում հանդիպում անցկացնելու առաջարկին։ Ո՞րն է Թուրքիայի կամ Հայաստանի որևէ քաղաքում անցկացվելիք հանդիպման իմաստը և ինչո՞վ կարող է այն տարբերվել երրորդ երկրում անցկացվող հանդիպումներից:
-Եթե այցի և անմիջապես հետո պատասխան այցի գործընթացն իրականացվի, ապա կարող է կարևոր չլինել, թե որտեղ կանցկացվի առաջին հանդիպումը: Օրինակ 2008թ․ նախագահ Աբդուլլահ Գյուլը (Թուրքիայի նախկին նախագահ 2007-14թթ․) ֆուտբոլային խաղը դիտելու համար գնացել էր Երևան, իսկ հետո Սարգսյանն (Սերժ Սարգսյան-խմբ․) էր խաղը դիտելու համար եկել Բուրսա։ Այնուամենայանիվ թեման, որը պետք է հաշվի առնել այս հարցում, քայլ առ քայլ առաջ շարժվելու կարևորությունն է այնպիսի հարաբերություններում, որոնք գտնվում են նման զգայուն իրավիճակում: Օրինակ՝ ամենասկզբում Սարգսյանը գալու համար նախապայման էր դրել սահմանի բացումը, բայց հետո եկավ։ Լավ կլինի, որ նման զգայուն հարաբերություններում այդպիսի բաներ չլինեն։
-Թուրքիան տարիներ շարունակ հայտարարում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն անմիջականորեն համակարգում է Ադրբեջանի հետ։ Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ մի խնդիր չլիներ, Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար կրկին պատրվա՞կ էր փնտրելու։
-Իրականում Ադրբեջանը մի երկիր է, որը շատ է Թուրքիային գցել իր ամենազգայուն խնդրի՝ Կիպրոսի հարցում։ Այդ մասին ես ամփոփ ներկայացրել եմ «Ակոս»-ում հրապարակված «Եթե գնա, Թուրքիան շատ կփնտրի Փաշինյանին» վերատառությամբ իմ վերջին հոդվածում։ Այնուամենայնիվ, ռացիոնալությունը միշտ հնարավոր չէ հասնել գաղափարական, առևտրային և պատմական պատճառներով:
-Հայաստանում բողոքի ակցիաներ են իրականացվում՝ ընդդեմ իշխանության։ Հնարավոր իշխանափոխությունը ինչպե՞ս կազդի այս գործընթացի վրա։
-Դեռ չգիտեմ, բայց քանի որ պատմությունը օգտագործվում է սոցիալական գիտություններում կանխատեսումներ անելու համար, կարող եմ ասել հետևյալը․ Այն բանից հետո, երբ Տեր-Պետրոսյանն իշխանությունից զրկվեց, ով ջանում էր Թուրքիայի հետ լավ հարաբերություններ հաստատել, նրան փոխարինեց ռուսամետ ազգայնական Քոչարյանը, և դա լավ չեղավ այս հարաբերությունների համար։