ԵՄ սկուտեղի վրա Հայաստանին սպասվում է վայրկենական կլանում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից
Եվրախորհրդարանը կոչ է անում աջակցել Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով, որպեսզի Երևանը կարողանա ընդարձակել իր անվտանգային տարածքը ՀԱՊԿ-ից դուրս և դիմակայի հիբրիդային սպառնալիքներին։ Այս մասին ասվում է երեկ ընդունված ամենամյա զեկույցում, որտեղ եվրոպացի պատգամավորներն ամփոփել են՝ որոնք էին անցած տարվա խնդիրներն ու ինչ է պետք անել ապագայում։ Բացի այդ, Եվրախորհրդարանը մշակել է Հայաստանի հետ ԵՄ գործընկերության ամրապնդման ծրագիր, որը բաղկացած է երեք բլոկից։
Բլոկ առաջին՝ Հայաստանի «դիմադրության» ուժեղացում, տնտեսության դիվերսիֆիկացում՝ «առևտրի, էներգետիկայի և ավիացիոն անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնման», վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության միջոցով։ Դժվար է ասել, թե ինչպես են եվրոպացի պաշտոնյաները պատկերացնում ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացիան և այն, թե ինչ ապրանքներ է Հայաստանը արտահանելու ԵՄ։ Եվրոպա արտահանվող ապրանքի 95 տոկոսը հանքահումքային հատվածին է բաժին ընկնում ՝ պղինձ, մոլիբդեն եւ այլն. սա նշանակում է, որ մեր մյուս ապրանքները մրցունակ չեն Եվրոպայում, բացի այդ չեն էլ համապատասխանում ԵՄ որակի ստանդարտներին:
Ինչ վերաբերվում է էներգետիկ և ավիացիոն ոլորտում համագործակցության ընդլայնմանը, ապա այստեղ էլ են հարցեր առաջանում: Կտրելով էներգետիկայի ոլորտում կապերը ՌԴ–ի հետ՝ Հայաստանը հայտնվելու է էներգետիկ շրջափակման մեջ:
Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանն իր էներգետիկ ամբողջ պահանջարկի (առաջնային էներգապաշարներ՝ գազ, էլեկտրաէներգիա, նավթ, նավթամթերք) առավելագույնը 33.7%-ն է կարողանում բավարարել էներգիայի ներքին արտադրությամբ։ Ներքին ռեսուրսներ ասելով՝ պետք է հասկանալ հիմնականում հիդրոէներգիան, միջուկային էներգիան և փոքր չափով էլ՝ վերականգնվող (արևային) էներգիան։ Գազն ու նավթամթերքն ամբողջությամբ ներկրվում են։ Ներկրվող նավթն ու գազն ապահովել են Հայաստանի էներգետիկ պահանջարկի 77.1%-ը։ Ի՞նչ է մեզ առաջարկելու Եվրոպան, որն ինքն է մինչ այժմ կախված ռուսական էներգակիրներից:
Երկրորդ բլոկն արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերի շուրջ երկխոսության ընդլայնումն է, ԵՄ-ի գլխավորած առաքելություններին և գործողություններին Հայաստանի մասնակցության հնարավորությունը։ Դատելով եվրոպացի մի շարք առաջնորդների ագրեսիվ հռետորաբանությունից՝ պատերազմին անմիջական մասնակցության նրանց նախապատրաստական աշխատանքները բուռն ընթացքի մեջ են։ Սա նշանակում է, որ նրանց անհրաժեշտ կլինի որքան հնարավոր է էժան թնդանոթի միս, որի համար, բացի ուկրաինացիներից, օգտակար կլինեն նաև հայերը. ՀՀ անվտանգության ամրապնդման հետ այս սցենարը որևէ ընդհանուր բան չունի:
Երրորդ բլոկ՝ Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների ավելացում և «Սևծովյան ստորջրյա էլեկտրահաղորդման գծի նախագծին նրա մասնակցության աջակցություն»։ 2019 թվականից ԵՄ-ն խոստանում է Հայաստանին տրամադրել 2.6 միլիարդ դոլարի դրամաշնորհ, որի ընդամենը մի մասն է իրականում դրամաշնորհ լինելու, մյուս մասը՝ վարկ է: Սակայն, մինչ այս պահը բաղձալի ներդրումները ԵՄ-ից տեղ չեն հասել: Սեւ ծովի հատակով անցնող և չգործող էլեկտրահաղորդման գծի մասին հիշատակումը, որն ի սկզբանե ընդհանրապես չէր ներառում Հայաստանը, ընդհանրապես զավեշտի ժանրից է։ Երկարաժամկետ նախագիծը, որի համար ո՛չ ժամանակ կա, ո՛չ միջոցներ, պայթյունավտանգ տարածաշրջանի պայմաններում շատ մշուշոտ հեռանկարներ ունի։
Ակնհայտ է, որ եվրոպական խորհրդարանը ընդամենը հերթական քարոզչական փուչիկն է հրամցնում հայ հանրությանը: Իրականում այս ծրագիրն ամբողջությամբ միտված է մեկ նպատակի՝ տնտեսական և անվտանգային ոլորտներում Հայաստանը ՌԴ-ից կտրելուն: Իսկ այդ դեպքում՝ Հայաստանին ոչ թե զարգացում և բարեկեցություն է սպասվում, այլ վայրկենական կլանում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից: ԵՄ-ն, որն էներգետիկ կախվածություն ունի թե՛ մեկից, թե՛ մյուսից, դժվար թե Հայաստանը պաշտպանելու քաղաքական միասնական կամք և ցանկություն դրսևորի...