Քաղաքական հետապնդումների եւս մեկ փորձ. Գալուստ Սահակյանի որդին առաջադրված մեղադրանքը չի ընդունում.պաշտպան
ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ Տիգրան Սահակյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը տեւել է 6 ամիս, այդ ընթացքում Տիգրան Սահակյանը հարցաքննվել է երկու անգամ՝ հայտնելով, որ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Էմին Խաչատրյանը։
Բացի այն, որ մեղադրանքը պաշտպանական կողմի համար անհասկանալի է, Խաչատրյանը հայտնեց, որ Տիգրան Սահակյանը մեղադրանքը որակել է որպես քաղաքական հետապնդումների եւս մեկ փորձ՝ պայմանավորված ազգանվամբ եւ ընտանիքով։ Պաշտպանի խոսքով՝ զավեշտն այն է, որ դատարան կեղծ ապացույց, փաստաթուղթ է ներկայացվել, բայց հաշվի չեն առնում, որ Տիգրան Սահակյանը դատարան նույնիսկ հայցադիմում չի ներկայացրել, դատական նիստերին անձամբ չի մասնակցել, դատարանում բացատրություն չի տվել։
«Քննչական մարմնի կողմից անօրինական է որակվում մի դատական ակտ, որն այս պահին բեկանված, փոփոխված չէ։ Այսինքն՝ ունենք օրինական ուժի մեջ մտած վճիռ, որը բեկանված չէ, բայց վարույթն իրականացնող մարմինը որակում է անօրինական»,- ասաց նա՝ հավելելով, որ, թեև դատախազությունը բողոքարկել է վերաքննիչ դատարան, բայց դատախազությունն այն ժամանակ որպես կողմ չի եղել, պետական շահերի հետ առնչություն չունի, համայնքի խնդիր է։ Փաստաբանը տեղեկացրեց, որ առարկություններում նշել են նաև այդ հանգամանքը և գտնում են, որ դատարանը գործը վարույթ ընդունել չի կարող։ Բացի այդ, թեև դատախազությունը բողոքարկել է դատավճիռը, Վերաքննիչ դատարանը դեռևս որոշում չի կայացրել, փաստաբանի խոսքով, պետք է առնվազն սպասեին, ապա՝ որակումներ տային կամայական։
«Ուղղակի բողոք բերելը դեռեւս չի նշանակում, որ Վերաքննիչ դատարանը բողոքը բավարարելու է։ Ամեն դեպքում՝ քննություն պետք է ընթանա, ժամանակից առաջ են ընկնում։ Դա համեմատելի է ձայնի եւ լույսի արագության հետ։ Այս դեպքում ֆիզիկայի կանոններին հակառակն է ստացվում՝ ձայնը լսում ենք, հետո լույսը տեսնում»,- ասաց Խաչատրյանը՝ նշելով, որ այդ հանգամանքը ևս ողջամիտ կասկած է առաջացնում՝ գործում քաղաքական կոմպոնենտի առկայության մասին։
Ըստ Խաչատրյանի՝ դրսևորվել է ավելորդ շտապողականություն, գործն էլ քննվել է թերի։ Նա հայտնեց, որ նախաքննության ընթացքում միջնորդել են, որ Սահակյանի դեմ ցուցմունք տված անձանց հետ առերես հարցաքննություն լինի, եթե նրան առաջադրված մեղադրանքի հիմքում կան նրա դեմ ցուցմունքներ, սակայն առերեսումներ չեն կատարել։ Ինչպես նկատեց փաստաբանը՝ դրանից կարելի է ողջամտորեն ենթադրել, որ Սահակյանի դեմ ցուցմունք չկա, հակառակ դեպքում, եթե առկա են նման ցուցմունքներ, բայց հակընդդեմ հարցման իրավունքը չի ապահովվել, կստացվի, որ քննիչն անգործություն է դրսևորել։
«Այս պայմաններում նույնիսկ նախաքննության ավարտին մենք դիրքորոշում հայտնեցինք, որ այս ամենից ելնելով չենք վստահում վարույթ իրականացնող մարմնին և չենք ակնկալում, որ օբյեկտիվ քննություն կիրականացվի, այդ պատճառով էլ նախաքննության ավարտին միջնորդություններ չներկայացրինք։ Մեր բոլոր միջնորդություններն ու դիտարկումները կներկայացնենք դատարանում»,- նշեց պաշտպանը՝ հավելելով, որ գործի նյութերը 6 հատոր են, որոնց դեռևս ամբողջությամբ չեն ծանոթացել, ժամկետներով էլ կաշկանդված չեն, քանի որ նախաքննության ավարտից հետո միջնորդություններ ներկայացնելու ցանկություն չեն հայտնել։
Նա ընդգծեց, որ վաղեմության բոլոր ժամկետներն անցել են և իդեալական պայմաններ էր վաղեմության ժամկետը կիրառելու և քրեական հետապնդումը դադարեցնելու համար, սակայն, փաստաբանի խոսքով, Սահակյանը հստակ դիրքորոշում ունի, որ իր չարած բանի համար նման միջնորդությամբ հանդես չի գալու, կպայքարի մինչև վերջ՝ մինչև հաստատվի անմեղությունը։
Խաչատրյանն անդրադարձավ նաև վարույթն իրականացնող մարմնի պաշտոնական հաղորդագրությանը՝ նշելով, որ հստակ երևում է, որ ցանկանում են շոուն ստացվի. «Տիգրան Սահակյանի ամբողջ կենսագրությունը բացահայտված է՝ այսինչի եղբայրը, այսինչի որդին և երկու աշխատակից։ Իսկ ինչու՞ այդ երկու աշխատակցի նկատմամբ նույն վերաբերմունքը չէ։ Ինչու՞ նրանց անուն-ազգանունները գրված չեն, ինչու՞ նրանց տվյալները բացված չէ։ Հստակ երևում է ուղղվածությունը։ Մեզ համար անհասկանալի մեղադրանք է և թերի քննված գործ է, որը հապճեպություն դրսևորելով, բրդել-գցել են դատարան»։ Բացի այդ՝ փաստաբանը նշեց, որ փորձ է արվում «ցեխ շպրտելու» որոշ անձանց ուղղությամբ, նսեմացնելու նրանց, հասարակության մոտ ինչ-որ տրամադրություններ ձևավորելու։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Տիգրան Սահակյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) 2-րդ մասի 1-ին կետով և 349-րդ հոդվածի (ապացույցները կեղծելը) 1-ին մասով: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետին և նրա տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով, իսկ նույն վարչության աշխատակցին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...