Մեղավորը երկրի քաղաքական իշխանությունն է՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի․ Արթուր Վանեցյան
Երեկ Հայաստանի իրավապահ մարմինների պատմության մեջ աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ․ ոստիկանության ուժերի պահպանության տակ գտնվող տարածքի վրա հարձակվեցին մի խումբ անձինք եւ փորձեցին իրենց հանցագործությունը ավարտին հասցնել։ Այս մասին Արմնյուզ ՀԸ «Անվտանգության գործոն» ծրագրին հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն, անվտանգության գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը, կրկնելով իր գնահատականը այդ դեպքերին․ «Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման արդյունքում ոստիկանությունը՝ որպես իրավապահ մարմին, ներկա պայմաններում պարզապես գոյություն չունի»։
«Տարբեր աղբյուրների պնդմամբ՝ այնտեղ է եղել ոստիկանության պետը։ Նա ժամանել է դեպքի վայր եւ նրա ղկավարմամբ են տեղի ունեցել օպերատիվ մի շարք միջոցառումներ։ Եթե նա նույնիսկ հիվանդանոցում ներկա չի եղել, ես համոզված եմ, որ ներկա են եղել ոստիկանության շատ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Եվ այն հանդգնությունը, որ իրենց թույլ տվեցին հանցագործները, եւ փորձեցին ավարտին հասցնել իրենց հանցագործությունը, աննախադեպ իրադարձություն էր Հայաստանի իրավական համակարգի համար», ասել է Արթուր Վանեցյանը։
Բայց, ըստ ԱԱԾ նախկին տնօրենի, պետք է ճիշտ ախտորոշել՝ ինչո՞ւ իրենց պարտականությունները չեն կատարում ոստիկանները։
«Եթե հարձակում է տեղի ունենում՝ պետք է լինի կոշտ արձագանք։ Ոստիկանները ոչ միայն կարող են, այլեւ պարտավոր են զենք կիրառել։ Երբ ծագում է սպառնալիք մարդու կյանքին, նրանք իրավունք ունեն զենքի դիմել», ասել է Արթուր Վանեցյանը։
Իսկ ինչո՞ւ չեն դիմել զենքի՝ հարցին ի պատասխան, Ա․Վանեցյանն ասել է, որ ոստիկանն այսօր իրեն պաշտպանված չի զգում։ Ոստիկանը վստահ չէ՝ եթե դիմի անհրաժեշտ միջոցների, արդյո՞ք հետո պաշտպանված կլինի․
«Մեղավորը երկրի քաղաքական իշխանությունն է ի դեմս Նիկոլ Փաշինյանի։ Որովհետեւ ոստիկանությունը, եւ առհասարակ իրավապահ համակարգը, գործում է ոչ թե օրենքով եւ իր լիազորությունների շրջանակում, այլ քաղաքական իշխանությունների քաղաքական քմահաճույքով»։
Վանեցյանի խոսքերով, որքան էլ կողքից թվա, թե իրավապահ համակարգի աշխատակիցներն առանց էմոցիաների ծառայողներ են, այդպես չէ։ Իրավապահ համակարգն, ըստ նրա, շատ զգայուն է։
«Երբ երկրի ղեկավարն անհասականի վայրից, անհասկանալի ձայնով հրահանգում է փռել ասֆալտներին, ծեփել պատերին․․․ Դա ուղղակի անթույլատրելի է։ Անհարգալից է նման հանձնարարական տալը։ Ի՞նչ է կատարվում դրանից հետո։ Ոստիկանության աշխատակիցներն ինչ-որ պատրվակով բերման են ենթարկում հայտնի անձանց, շոուի էլեմենտներն ապահովելով, նկարահանելով, երկու ժամ պահելով՝ բաց են թողնում։ Այդ իրադարձության մասնակիցներից մեկը, հանրային գործիչ, առավոտից կանգնած է ոստիկանության դիմաց, Նարեկ Սամսոնյանի մասին է խոսքը, նրան ոչ ոք չի նկատում, բայց երեկոյան, տուն գնալու ճանապարհին, նույն շոուի էլեմենտներով, նվաստացնելով, ասֆալտին փռելով բերման են ենթարկում։ Սկսվում է իշխանության գործողությունների քննադատություն։ Որովհետեւ այն, ինչ մենք տեսանք՝ անթույլատրելի էր եւ շատ տգեղ։ Իսկ իշխանությունների ուշադրությունը գրավում է միայն սոցիալական ցանցում տեղի ունեցողը, լայքերի քանակը եւ այլն։ Տեսնելով, որ արձագանքը բացասական է՝ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի թերթը մի խմբագրական է հրապարակում, որտեղ մեղադրում է ոստիկանությանը՝ ապօրինի գործողությունների մեջ։ Ես խոսում եմ փաստերով եւ չեմ կարող պնդել, որ գրել է անձամբ Փաշինյանը, բայց ոստիկանության աշխատակիցները, որոնք մասնակից են եղել այդ ասֆալտին փռելու գործողություններին, եւ կարդում են, որ իրենց մեղադրում են այդ գործողությունների համար, ինչ հետեւություն պետք է անեին։ Եվ երբ ասում եմ, թե ինչու երեկ զենք չկիրառեցին, հենց դա նկատի ունենում։ Որովհետեւ վաղը կարող էին մեղադրվել», ասել է Արթուր Վանեցյանը։
ԱԱԾ նախկին տնօրենը հիշեցրել է, որ կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը անվտանգության ծառայության ղեկավարին հանձնարարել էր պարզել «սատանայի կապը որոշ շրջանակների» հետ։
«Մի անհեթեթ հանձնարարական․․․ Մարդիկ նույնիսկ լուրջ չվերաբերվեցին։ Մամուլն էլ առանձնապես լուրջ չվերաբերվեց, փորձեցին մոռացության տալ։ Բայց մի քանի օր անց Փաշինյանի ընտանիքի «Հայկական ժամանակ» օրաթերթը հարցում է ուղարկում ԱԱԾ, թե ինչ պարզեցիք վարչապետի հանձնարարության ուղղությամբ։ Այն աշխատակիցը, որ ստանում է այդ հարցումը, մտածում է, որ դա վարչապետի հարցն է՝ ի՞նչ արեցիք։ Եվ պատասխան է գրում՝ ԱԱԾ-ն իրականացնում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, չգիտեմ ինչ․․․», նշել է Արթուր Վանեցյանը։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
Ազատել եմ աշխատանքից ՊՆ այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են․ Պապիկյան