Առերեւույթ չարաշահումներ Տավուշի ավտոճանապարհի հիմնանորոգման նախագծերի գնման գործընթացում. Դատախազություն
Պետական շահերի պաշտպանության իր լիզորությունն իրացնելու շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից /այսուհետ՝ Նախարարություն/ ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկված՝ Մ-16, Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6 միջպետական նշանակության ավտոճանապարհի առանձին հատվածների հիմնանորոգման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման աշխատանքների փաստաթղթերը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Նախարարության եւ ՍՊ ընկերության միջեւ 29.11.2017թ. կնքվել է պայմանագիր, որը ներառել է նաեւ նշված ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման աշխատանքները: Այդ մասով պայմանագրի գինը կազմել է 14.4մլն ՀՀ դրամ:
ՍՊԸ-ի կողմից կազմվել է ճանապարհաշինական նորմերի էական խախտումներով պայմանագրային պահանջներին չհամապատասխանող աշխատանքային նախագիծ, համաձայն որի՝ շինարարության նախահաշվային արժեքը կազմել է 2մլրդ 319մլն ՀՀ դրամ: Նախագծի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲ ընկերության կողմից 2018թ. փետրվարի 19-ին հաստատվել է ակնհայտ անհիմն փորձաքննության եզրակացություն, որի նկարագրական-պատճառաբանական մասում արձանագրված փաստերը չեն համապատասխանում արված հետեւություններին: Մասնավորապես՝ չնայած արձանագրվել է, որ նախագիծը չի համապատասխանում ճանապարհաշինական գործող նորմերին, այդուհանդերձ, երաշխավորվել է ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքային նախագծի համապատասխանությունը ՀՀ օրենսդրության եւ նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին:
ՍՊԸ-ն 2018թ. փետրվարի 20-ին հանձնման-ընդունման նպատակով Նախարարությանն է հանձնել ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման աշխատանքները, այդ թվում՝ նշված ակնհայտ անհիմն եզրակացությունը: Պայմանագրի պայմաններին էականորեն չհամապատասխանելու պարագայում նշված աշխատանքները 2018թ. փետրվարին Նախարարության կողմից ընդունվել են եւ դրա հիման վրա կատարվել է համապատասխան վճարում:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Նախարարության ներկայացուցիչները չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, որն առաջացրել է ծանր հետեւանքներ: Մասնավորապես՝ կատարված աշխատանքները պայմանագրային պահանջներին էականորեն չհամապատասխանելու պայմաններում հանձնման-ընդունման արձանագրությունը չստորագրելու, վերջինս, ինչպես նաեւ դրա չստորագրման համար հիմք հանդիսացած բացասական եզրակացությունը սահմանված ձեւով հետ վերադարձնելու, ՍՊԸ-ի նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու փոխարեն պատշաճ կարգով չի ստուգվել առաջադրված պայմաններին կատարված աշխատանքների որակի համապատասխանությունը, պայմանագրի կատարման նկատմամբ իրականացվել է նախնական թերի հսկողություն, ինչի պայմաններում ՍՊԸ-ին անհիմն վճարվել է 14.4մլն ՀՀ դրամ:
Բացի այդ, պարզվել է, որ քննարկվող աշխատանքային նախագծի հիման վրա իրականացված ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների կատարման պետական գնման արդյունքում 2018թ. մայիսի 30-ին կնքվել է շինարարության իրականացման պայմանագիր, որի գինը կազմել է 1 մլրդ 298մլն ՀՀ դրամ եւ այն ներկայումս գտնվում է կատարման փուլում:
Նկատի ունենալով, որ իրականացված ուսումնասիրության արդյունքում առերեւույթ ստացվել են պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում ծանր հետեւանքներ առաջացնելու հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ վերը նկարագրված դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Հանրապետական նշանակության ավտոճանապարհները ժամը 9։00-ի դրությամբ բաց են