Սպառազինության նոր մրցավազքը սկսվել է. Գորբաչովի հոդվածը The New York Times-ում
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը The New York Times պարբերականի համար գրված հատուկ սյունակում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հետ կնքած Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրից դուրս գալու մտադրությանը՝ հայտարարելով, որ սպառազինության նոր մրցավազքը մեկնարկել է:
Հոդվածում Գորբաչովը նշել է, որ 1987թ. իր ու ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի կնքած համաձայնագիրն աշխարհում միջուկային զենքի քանակի կրճատմանն ուղղված առաջին քայլն էր, որը 30 տարի անց լրջորեն վտանգված է: Գորբաչովն ընդգծել է, որ տվյալ փաստաթուղթը երկու ազգերի գրանցած ահռելի նվաճումն է, որն իրապես հպարտանալու տեղիք է տալիս:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանը չի հարգում միջուկային համաձայնագիրն ու խախտում է դրա դրույթները, ուստի՝ ԱՄՆ-ն դուրս կգա փաստաթղթից, կշարունակի միջուկային զենքեր ստեղծել ու հարստացնել միջուկային զինանոցը, քանի դեռ «մարդիկ խելքի չեն եկել»:
«Մարդիկ ինձ հարցնում են՝ արդյոք կսկիծո՞վ եմ հետևում քրտնաջան աշխատանքիս արդյունքում ձեռք բերված նվաճման «վախճանին»: Պետք է ասեմ, որ սա անձնական հարց չէ. խաղասեղանին շատ ավելի մեծ բան է դրված: Հայտարարվել է սպառազինության նոր մրցավազք: Եվ այս համաձայնագիրը, որից ԱՄՆ-ն ցանկանում է դուրս գալ, միջազգային հարաբերությունների ռազմականացվածության առաջին զոհը չէ: 2002թ. Միացյալ Նահանգները դուրս եկավ Հակաբալիստիկ հրթիռների վերաբերյալ համաձայնագրից, այս տարի՝ Իրանի հետ միջուկային համաձայնագրից: Ռազմական ծախսերը հասել են աստղաբաշխական մակարդակի ու շարունակում են աճել»,- նշել է Գորբաչովը:
Նա նկատել է, որ համաձայնագրի դրույթները խախտելու մեղադրանքներին ի պատասխան Մոսկվան առաջարկել է բանակցել բոլոր անհանգստացող հարցերի շուրջ, սակայն Վաշինգտոնը չի արձագանքել:
«Եվ հիմա հասկանալի է՝ ինչու: Բավականաչափ քաղաքական կամք դրսևորելու դեպքում, ցանկացած բարդության հարց կարելի է լուծել գործող համաձայնագրերի շրջանակում: Բայց վերջին երկու տարվա ընթացքում մենք տեսել ենք, որ Միացյալ Նահանգների նախագահը միանգամայն այլ նպատակ ունի. այն է՝ ազատել Միացյալ Նահանգները ցանկացած տեսակի պարտավորություններից, սահմանափակումներից, որոնք վերաբերում են ոչ միայն միջուկային զենքերին»,-նշել է Գորբաչովը:
ԽՍՀՄ նախկին ղեկավարն իր անդրադարձն ավարտել է՝ նշելով, որ Միացյալ Նահանգները վերցրել է Երկրորդ աշխարհամարտից հետո աշխարհում խաղաղության և անվտանգության հիմնաքար հանդիսացող միջազգային համաձայնագրերի մի ամբողջ համակարգ խախտելու նախաձեռնությունը:
Հայտնի է, որ պատմական համաձայնագրի շրջանակում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պարտավորվել են ոչնչացնել գործողության միջին և փոքր շառավղով բալիստիկ ու թևավոր հրթիռներն ու այլևս չզբաղվել դրանց արտադրությամբ:
Փորձագետներն ահազանգել են, որ ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում կսկսվի 1980-ական թվականներից ի վեր միջուկային սպառազինության ոլորտում ամենալուրջ ճգնաժամը:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնա...