Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Այս տարի Հայաստանի այն պետական հանրակրթական դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, առաջին դասարանցիների ընդունելությունն իրականացվում է առցանց համակարգի միջոցով։ Նոր կարգի նպատակն է ապահովել բոլոր ծնողների համար հավասար մեկնարկային պայմաններ՝ հնարավորություն տալով աշխարհի ցանկացած կետից գրանցել երեխային առաջին դասարան։
Ընդունելության գործընթացն իրականացվում է երեք փուլով։ Նախ ծնողները պետք է ստուգեն իրենց և երեխայի տվյալների ճշգրտությունը, այնուհետև հայտագրումը կատարվում է սահմանված ժամկետներում՝ ըստ առաջնահերթությունների և ընդհանուր հերթագրման սկզբունքի։
Թեև համակարգը ստեղծվել է գործընթացը պարզեցնելու և առավել թափանցիկ դարձնելու նպատակով, բազմաթիվ ծնողներ նշում են, որ բախվում են տարբեր դժվարությունների։ Մի մասը դժգոհում է, որ ցանկալի դպրոցներում ազատ տեղերը շատ արագ սպառվում են, մյուսները՝ որ չեն կարողանում ինքնուրույն կատարել գրանցումը կամ վստահ չեն, որ ճիշտ են լրացնում անհրաժեշտ տվյալները։
«Վախենում էի սխալ լրացնել տվյալները և երեխայիս գրանցումը չստացվեր։ Մի քանի անգամ փորձեցի հասկանալ համակարգի աշխատանքը, մինչև վերջապես կարողացա հայտ ներկայացնել»,- պատմում է Անի Մկրտչյանը:
Ծնողների շրջանում հատկապես ակտիվ քննարկվում է նաև անձնական տվյալների անվտանգության հարցը։ Շատերը, չունենալով բավարար թվային հմտություններ, դիմում են ծանոթների կամ տարբեր անձանց օգնությանը՝ տրամադրելով իրենց և երեխաների հանրային ծառայությունների համարանիշները և այլ անձնական տվյալներ։
Մինչդեռ պատասխանատու կառույցները բազմիցս հիշեցնում են, որ անձնական տվյալները չպետք է փոխանցվեն այլ անձանց։ Համակարգը նախատեսված է այնպես, որ ծնողները կարողանան ընդամենը մի քանի հպումով կամ քայլով իրականացնել անհրաժեշտ գործողությունները՝ առանց միջնորդների օգնության։ Մասնագետները ևս հորդորում են չտրամադրել անձնական տվյալներ անհայտ անձանց և օգտվել միայն պաշտոնական հարթակներից։
Միևնույն ժամանակ ծնողները նշում են, որ համակարգի գործարկման առաջին օրերին որոշ դեպքերում դժվարացել են հասկանալ ընթացակարգը, ինչի պատճառով ստիպված են եղել լրացուցիչ օգնություն փնտրել։
Դժգոհությունների մյուս պատճառը ցանկալի դպրոցներում տեղերի սահմանափակ քանակն է։ Շատ ընտանիքներ նշում են, որ հայտագրման մեկնարկից կարճ ժամանակ անց իրենց նախընտրած դպրոցներում այլևս ազատ տեղեր չեն եղել, ինչի հետևանքով ստիպված են եղել ընտրել այլ կրթական հաստատություններ։
Մասնագետների կարծիքով՝ առցանց համակարգը կարող է հեշտացնել ընդունելության գործընթացը, սակայն այն ինքնին չի լուծում առավել պահանջված դպրոցների գերբեռնվածության խնդիրը։ Եթե որոշ դպրոցների նկատմամբ պահանջարկը շարունակում է գերազանցել հնարավորությունները, ապա դժգոհությունները պահպանվելու են՝ անկախ նրանից, թե ինչ եղանակով է իրականացվում հայտագրումը։
Հիշեցնենք, որ առաջին դասարանցիների ընդունելության գործընթացի առաջին փուլում ծնողները ստուգում էին իրենց և երեխայի տվյալների ճշգրտությունը, հունիսի 1-10-ը հայտագրվում էին առաջնահերթություն ունեցող ընտանիքները, իսկ հունիսի 11-ից հերթագրման հնարավորությունը բացվեց բոլոր մյուս ծնողների համար։ Համակարգը շարունակելու է գործել ողջ ուսումնական տարվա ընթացքում։
Top-news.am


















































Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Ռուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել է
ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորո...
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով