Երկու երկրի հարաբերությունները զարգանում են դրական դինամիկայով. Հայաստանի և Տաջիկստանի նախագահների հանդիպումը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։
Նախագահները գոհունակությամբ ընդգծել են, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են կայուն և դրական դինամիկայով՝ ընդգրկելով փոխգործակցության տարբեր ուղղություններ։ Միաժամանակ երկուստեք շեշտվել է, որ առկա է զգալի, դեռևս ամբողջությամբ չիրացված ներուժ, որի լիարժեք օգտագործումը պահանջում է նպատակային և հետևողական քայլեր, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների ընդլայնում։
Զրույցի ընթացքում կողմերը հանգամանալից անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին՝ ընդգծելով, որ 2025 թվականի օգոստոսյան իրադարձություններից հետո Հարավային Կովկասում ձևավորվել է որակապես նոր իրավիճակ։ Այս համատեքստում նշվել է, որ ստեղծված իրողությունները բացում են նոր հնարավորություններ տարածաշրջանի և հարակից երկրների համար՝ վերաիմաստավորելու իրենց համագործակցությունը և այն կառուցելու առավել կանխատեսելի, փոխշահավետ ու երկարաժամկետ հիմքերի վրա։ Հատկապես կարևորվել է խաղաղության, կայունության և հաղորդակցությունների զարգացման նշանակությունը՝ որպես տնտեսական ակտիվության և փոխադարձ կապերի խորացման կարևոր նախապայման։
Հանդիպման ընթացքում նախագահները մտքեր են փոխանակել տնտեսության, բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության, գյուղատնտեսության, կրթության և գիտության, ինչպես նաև այլ հեռանկարային ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղիների շուրջ։ Կարևորվել է նորարարությունների խթանումը, գիտակրթական կապերի զարգացումը, մասնագիտական փորձի և լավագույն գործելակերպերի փոխանակումը, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացումը, որոնք կարող են նպաստել երկու երկրների տնտեսական աճին և մրցունակության բարձրացմանը։
Կողմերը նաև կարևորել են միջազգային և տարածաշրջանային հարթակներում փոխգործակցության շարունակական ամրապնդումը՝ ընդգծելով բազմակողմ ձևաչափերի արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում շեշտվել է համադրելի օրակարգերի առաջմղումը, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերում դիրքորոշումների մերձեցումը՝ ի շահ երկու երկրների և ավելի մի լայն տարածաշրջանային կայունության։
Հանդիպման ավարտին նախագահները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու երկկողմ հարաբերությունների զարգացումն ու խորացումը՝ դրանք հասցնելով որակապես նոր մակարդակի։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին