Ոմանք դեռ հավատում են, որ Փաշինյանին ստիպել են ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարությունը. Քոչարյան
Քարոզարշավի ընթացքում շատ ընտրողներ մեր ագիտատորներին եւ շտաբի ներկայացուցիչներին խորը համոզմամբ ասում էին, որ վարչապետին սպառնացել են ատրճանակով` ստիպելով նրան ստորագրել նոյեմբերի 9-ի ամոթալի հայտարարությունը: Այս մասին հունիսի 29-ին «Հայաստան» դաշինքի առաջին ընդհանուր ժողովում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Կան մարդիկ, ովքեր դրան հավատում են:
Կամ ասում էին՝ եթե Քոչարյանը հայրենասեր է, ապա ինչո՞ւ չի ազատում գերիներին, որոնց նկուղներում է պահում: Կամ ասում էին՝ ինչո՞ւ Զատկի նախօրեին Քոչարյանը գնեց բոլոր ձվերը, եւ մարդիկ մնացին առանց հավի ձվի:
Մարդկանց նման վիճակի հասցնելը տեղեկատվական տեռոր է: Մենք պետք է մարդկանց մի մասին դուրս բերենք այս վիճակից: Նման պայմաններում տեսականորեն անհնար է հասնել լուսավոր ապագայի», - ասել է նա: Ըստ Քոչարյանի՝ ընտրությունների վրա ազդել են հասարակության սոցիալական բեւեռացման թեզերը: «Այս տրամադրությունը ձեւավորվել է իշխանությունների կողմից, ինչը շատ վտանգավոր է: Մենք պետք է նաեւ դրա դեմ պայքարենք: Մենք ակնկալում էինք ընտրությունների այլ արդյունքներ՝ հիմնվելով նաեւ սոցհարցումների տվյալների վրա: Կասկած կա, որ մարդիկ վախենում են արտահայտել իրենց դիրքորոշումը: Բացի այդ, ընտրությունների արդյունքները կեղծելու համար կեղծարարության լուրջ մեքենա է գործի դրվել», - ընդգծել է Քոչարյանը: Երկրորդ նախագահը պարզաբանել է, որ այս ընտրությունները մի շարք առանձնահատկություններով տարբերվում են 2018 թվականին տեղի ունեցածներից: «Իշխանությունները գնացին ընտրությունների՝ չկատարելով նախընտրական ոչ մի խոստում: Ունեցել են կարգախոս՝ «Ապագա կա», սակայն ապագայի մասին ծրագիր չի ներկայացվել: Խոսք չի եղել նաեւ ժողովրդավարության մասին, որը 2018 թվականի գլխավոր թեմաներից մեկն էր:
Համակիրների հետ իշխող կուսակցության հանդիպումները նախկին էներգետկան չունեին, դրանք այնքան մարդաշատ չէին: Նրանց ամենաբազմամարդ հանրահավաքն ավելի փոքր էր, քան մեր ամենափոքր միջոցառումը: 2018-ին մարդիկ մտածում էին, որ քվեարկում են հանուն երկրի զարգացման, որի շահառուներ էին հայտարարվել իրենք: Ներկայիս ընտրություններում հույս ու հավատ չկար ապագայի նկատմամբ: Մարդիկ չգիտեին, թե ինչու են քվեարկում իշխանությունների օգտին, ինչ դրդապատճառներ ունի իրենց ընտրությանը: Սա խոսում է այն մասին, որ կա՛մ մեր հասարակությունը զրկված է ինքնապահպանման բնազդից, կա՛մ (ամենայն հավանականությամբ այդպես էլ կա) իշխանությունները մարդկանց խորը մոլորության մեջ են գցել:
Չկա ոչ մի տրամաբանություն, թե ինչու են մարդիկ քվեարկել այն ուժի օգտին, որը երկիրը հասցրել է պարտության: Ի տարբերություն դրա, մեր ընտրողը գիտի, թե ինչու է մեզ ընտրում, եւ նրան հաջողվում է համոզել ուրիշներին, որ իր տեսակետները ճիշտ են: Մենք իրավունք չունենք դավաճանելու մեր ընտրած ուղուն եւ այս մարդկանց»,- եզրափակեց նա:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն