ԱԺ ընդունած օրենքը դառնալու է դատական իշխանության անկախությանը հարվածող ամենալուրջ գործիքը․ ԲԴԽ նախագահ
Բարձրագույն դատական խորհրդի առաքելությունը, որ նախատեսված է սահմանադրությամբ, դատավորների եւ դատական իշխանության անկախության ապահովումն է, ընդ որում, դա դատավորի համար չէ, այլ հիմնական շահառուի՝ ՀՀ քաղաքացու, իրավունքն է՝ ունենալ իրական արդարադատություն։ Այս օրենքի ընդունմամբ խախտվում է այդ անկախության երաշխիք լինելու սահմանադրական սկզբունքը․ դատարանների անկախության երաշխավոր ԲԴԽ-ն չի կարող դառնալ դատավորներին հետապնդող կառույց։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը, ի պատասխան հարցին, թե ինչու չի ցանկանում լիազորությունների ավելացում։
«Որովհետեւ ԲԴԽ-ն, լինելով դատարանների անկախության երաշխավորը, դառնում է դատավորներին հետապնդող մարմին, յուրաքանչյուր քաղաքացի՝ դժգոհ լինելով դատարանից, կարող է դիմել ԲԴԽ, որը պետք է քննի գործը, եթե այն ակնհայտ անհիմն չէ։ Ստացվում է, որ ԲԴԽ-ն համաձայնում է վարույթ ընդունել, հետո քննել գործը, հետո էլ հանդես գալ որպես դատարան։ Իմ կարծիքով, խախտվում է եւս մեկ սահմանադրական սկզբունք՝ դատավորի՝ արդար դատաքննության իրավունքը․ որովհետեւ դատավորը եւս քաղաքացի է եւ ունի անկախ, անաչառ դատարանում քննվելու իրավունք։ Այդ երեք գործառույթը մեկ մարմնին տալը, իմ խորին համոզմամբ, սխալ է», ասել է Ռ․Վարդազարյանը։
Մեր քաղաքացին կարող է դիմել ՄԻԵԴ, ինչո՞ւ չի կարող դիմել ԲԴԽ, հարցին ի պատասխան, Ռուբեն Վարդազարյանն ասել է․ մեր կարգավորումները հետեւյալն են՝ ունենք վարույթ հարուցող երկու մարմին․ արդարադատության նախարարը եւ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը, եթե քաղաքացին դիմում է՝ այս մարմինները ստեղծում են աշխատաքային խմբեր, եւ առերեւույթ խախտման դեպքում դիմում են ԲԴԽ՝ առաջարկելով ընդունել վարույթ։
«Վարույթ ընդունելուց հետո, գաղտնիության ռեժիմում, մեկ ամսվա ընթացքում նախարարությունը կամ հանձնաժողովը քննում են այդ գործը, ուսումնասիրում նյութերը, հարցեր են տալիս դատավորին, այսինքն՝ մեզ գալիս է մասնագիտական վիճակով։ Մեկ ամիս քննելուց հետո որոշում են՝ կարճել գործը կամ ընթացք տալ քաղաքացու դիմումին կամ բողոքին՝ եւ մեզ են ուղարկում։ Հիմա ֆիլտրերը վերանում են եւ դատավորը մեկ վայրկյանում հայտնվում է պատասխանողի կամ մեղադրյալի դերում, դատախազի դերում՝ քաղաքացին կամ նրա ներկայացուցիչը։ Իմ խորին համոզմամբ՝ մենք բողոքների աննախադեպ աճ ենք ունենալու։ Նոր օրենքով՝ օրենսդիրը որոշում է, որ ԲԴԽ-ն գործը կարող է քննել իր աշխատակարգային որոշմամբ, բայց աշխատանքային կարգով մենք չենք կարող որոշել դատավարական կարգավիճակ, առավել եւս սահմանափակող նորմ, եւ բաց ռեժիմով քննել գործը։ Իմ կանխատեսմամբ՝ մենք ամսական կունենանք 200-300 բողոք կամ դիմում։ Ես ոչ թե ծավալից եմ վախենում, ես գտնում եմ, որ քաղաքացին կարող է ամեն անհարկի դեպքում դատավորին բերել ԲԴԽ, որը ստիպված կլինի արդարանալ։ Խնդրում եմ չքաղաքականացնել իմ օրինակը, քննիչը կամ նախաքննությունն իրականացնող մարմինը որոշում է կայացնում քաղաքացուն կալանավորելու վերաբերյալ, այն պահից, երբ քաղաքացին դժգոհ է լինում՝ դիմում է մեզ, որ խախտվել են իր իրավունքները, այն էլ դեռ գործի քննության սկզբնական փուլում։ Աննախադեպ աճ է լինելու։ Դա ազդելու է դատավորների անկախության վրա․ ԲԴԽ-ն կոչված է պաշտպանել դատավորների անկախությունը, այս օրենքից հետո ԲԴԽ-ն սկսելու է դատավորների հետապնդումը», նշել է ԲԴԽ նախագահը։
Մեկնաբանի դիտարկմանը, որ ԲԴԽ նախագահը իրավունք չուներ իր հայտարարությունում մեջբերում անել վարչապետի «վնսգստացող դատավորների» մասին արտահայտությունից, քանի որ այն քաղաքական է եւ, հետեւաբար, ինքն էլ քաղաքականության մեջ է ներքաշվում, Ռուբեն Վարդազարյանը չի համաձայնել․
«Ոչ, դա այդպես չէ։ Իմ կոչը դատավորներին՝ լինել բացառապես ապաքաղաքական, չենթարկվել կոնյուկտուրային եւ հաշվի չառնել քաղաքական զարգացումները։ Դա ձեր կարծիքն է, որ ես քաղաքական հայտարարություն եմ անում, ես սթափեցնող կոչ եմ անում», ասել է Ռ․Վարդազարյանը։
«Իսկ ինչո՞ւ եք շեշտում, որ այսօր է օրը ապացուցելու, որ վնգստացող դատավոր չեք, դատավորները միշտ պետք է անաչառ լինեն, եւ պարզվում է, որ այդ օրը Վանեցյանի կալանքի հարցն էր քննվում»։ Այս հարցին ի պատասխան, ԲԴԽ նախագահն ասել է, որ հիմա էր հասարակությունն ալեկոծված․
«Այսօրը չի ենթադրում միայն այդ օրը, արդեն քանի օր հասարակությունը տուրբուլենտության վիճակում էր։ Իմ կոչը եղել է սթափեցնող եւ ապաքաղաքական, քաղաքականությունից զերծ մնալու կոչ։ Իսկ վարչապետի արտահայտությունը քաղաքական չէ, ինչպես դուք ես ասում, այլ՝ վիրավորական։ Դատավորներն այսօր առավել անկախ են եւ չեն ենթարկվում քաղաքական ճնշումներին, կոնյուկտուրային։ Այսօրվա վիճակի դիվիդենտները պետք է քաղի այսօրվա իշխանությունը, որը չօգտվելով անկախ դատական համակարգի հանգամանքից՝ անհեռատեսություն է անում, դա ոչ թե նրան է պետք, այլ սերունդներին։ Դատարանները պետք է լինեն անկախ։ Իմ գործընկեր դատավորները հասկացել են, որ ցանկացած ակտի տակ ստորագրելիս՝ ինքը պատասխանատու է դրա համար այսօր եւ տասը տարի անց, որ պետք է լինեն բացարձակ օբյեկտիվ»։
Մեկնաբանի հետեւյալ դիտակմանը, որ «սպանում էին Արարատ Միրզոյանին եւ նա հրաշքով ողջ մնաց, վարչապետի դեմ մահափորձի ձայնագրություն կա, ոչ ոք կալանավորված չէ, ԶՈւ ԳՇ պետին վարչապետն ազատում է աշխատանքից, սակայն վարչական դատարանը նրան թողնում է նույն պաշտոնին, մինչդեռ աշխարհում նման պրակտիկա չկա, այսինքն, դա ենթադրում է, որ վարչապետը չի կարող ազատել նախարարներին, տանկերը քաղաք բերելու կոչեր են հնչում եւ ոչ ոք կալանավորված չէ։ Այս ամենը՝ ձեր կոչից հետո, դուք կապ չե՞ք տեսնում», Ռ․Վարդազարյանը պատասխանել է, որ նման կապ չկա։
«ԲԴԽ-ն եւ ԲԴԽ նախագահը որեւէ առնչություն չունեն արդարադատական պրոցեսի հետ, իրավասու չեն ծանոթանալ որեւէ գործի նյութերին, խորհուրդ տալ կամ միջամտել։ Գտնո՞ւմ է դատախազությունը կամ ՀՔԾ-ն, որ դատավորը խախտել է քրեական օրենքը, թող բողոք բերի։ Եթե նախարարն ու էթիկայի հանձնաժողովը որոշեն, որ ոչ արդար որոշում է դատարանը կայացրել, թող բերի ԲԴԽ, բայց մենք չունենք այդպիսի ոչ մի այդպիսի բողոք», ասել է ԲԴԽ նախագահը։
Մեկնաբանի խոսքով՝ ինքը տպավորություն ունի, որ մեր դատական համակարգից գոհ են միայն ԲԴԽ նախագահը, Արփինե Հովհաննիսյանն ու Ռուբեն Մելիքյանը, ԲԴԽ նախագահն էլ ասել է, որ ինքը քայլում է փողոցով եւ մարդիկ մոտենում ու շնորհակալություն են հայտնում, որ այժմ ապահովվում է դատական իշխանության անկախությունը։ «Այսինքն՝ մարդիկ գո՞հ են, որ ԱԺ նախագահին ծեծելու համար ոչ ոք չի պատժվել», տարակուսում է մեկնաբանը։
«Նորից եմ կրկնում, ԲԴԽ-ն իրավունք չունի միջամտել արդարադատության գործընթացին։ Կարծես դեժավյու լինի, ասես նորից ԱԺ-ում եմ։ Ես մամուլին ծանոթանալով՝ զարմանում եմ, վրդովվում եմ, ինչպես դուք, մյուս բոլորը․․․ Դուք գործի նյութերին ծանոթացել ե՞ք, ո՞չ, ես էլ՝ ոչ, ուրեմն՝ ոչ դուք, ոչ էլ ես իրավունք չունենք կարծիք հայտնել այդ մասին», պարզաբանել է ԲԴԽ նախագահը։
Օրենքը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է եւ պետք է ստորագրվի նախագահի կողմից, հիշեցրել է Ռ․Վարդազարյանը։
«Պաշտոնապես Հանրայինի եթերից հայտարարում եմ, եթե այս օրենքը մտավ ուժի մեջ այս տեսքով, առանց կարգավորումների, առանց ֆիլտրների, այն դառնալու է դատական իշխանության անկախությանը հարվածող ամենալուրջ գործիքը, որի տակ այդ իշխանությունը կարող է ծռվել, եթե չկոտրվի։ Եվ ես վստահ չեմ, որ դատական իշխանությունը կդիմանա այս ծավալին, այս բեռին։ ԱԺ-ն պետք է շուտափույթ այդ ֆիլտրները, կանոնակարգումները սահմանի։ Այս հապճեպությունն ինձ զարմացնում է, դատարանները կոտրելու ծրագի՞ր էր դրված, ուրեմն՝ բռավո, դա նրանց հաջողվեց», ամփոփել է ԲԴԽ նախագահը։


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում