Տղերք, իսկ ինչո՞ւ չեն երեւում հրեշտակի ձեր թեւերը
Ընտրապայքարը դեռ չի սկսվել: Պաշտոնապես չի սկսվել, բայց արդեն այսօր կարող ենք ասել, որ այն ամենակեղտոտներից մեկն է լինելու:
Պատճառը միայն այն չէ, որ ՀՀԿ-ական ռեյտինգային թեկնածուները ծեծում են մրցակիցներին, այդ թվում նաեւ իրենց կուսակիցներին: Ոմանք արդեն իսկ չեն թաքցնում, որ իրենց հիմնական թիրախն ընտրությունների ժամանակ լինելու է ոչ թե կառավարող կուսակցությունը, այլ այս կամ այն դաշինքը եւկուսակցությունը:
Իսկապես, դեռ պաշտոնապես ընտրարշավը չի սկսվել, բայց ընտրողը շատ լավ տեսնում է, իսկ ովքեր դեռ չեն նկատել, առաջիկա օրերին կնկատեն, թե ով ինչու համար է մասնակցում ընտրարշավին, եւ որ ամենակարեւորն է, որ ուժին ինչպես է վերաբերվում իշխանությունը եւ նրանց ներքո աշխատող լրատվամիջոցները:
Արդեն իսկ նկատելի է, որ մի քանի ուժի ներկայացուցիչներ մոտ օրերս պատրաստվում են հայտարարել, թե իրենք հրեշտակներ են, իսկ մյուսները մեղքի մեջ կորած գոյեր: Այս ամենը տխուր է, այս ամենը տրամադրություն է գցում, բայց սա է իրականությունը: Իսկ ընտրողն այս ամենը տեսնում է: Ընտրողը միամիտ չէ:
Եւ ընտրողը հասկանում է, որ վստահելի են այն ընդդիմադիր ուժերը, որոնք քննադատում են բացառապես կառավարող կուսակցությանը՝ ՀՀԿ-ին, եւ անհարկի հարձակումներ չեն իրականացնում այլ ուժերի դեմ: Ընտրողը նաեւ հասկանում է, որ պետք է հեռու մնալ իրենց հրեշտակի տեղ դնող կուսակցություններից եւ դաշիքններից, որոնց առաջնորդներն իրենք իրենց դատավոր են հայտարարել եւ աջ ու ձախ դատավճիռներ արձակելով այս ու այն կողմ են գնում: Ի դեպ, չգիտես ինչու, նրանց ցանկացած խոսք, բառակապակցություն եւ նախադասություն անմիջապես հայտնվում է կառավարող ուժի ազդեցության գոտում գտնվող լրատվամիջոցներում:
Մինչ օրս այլ ուժերի դեմ հարձակումներ չեն իրականացնում եւ իրենց սոլիդ են պահում եւ իրենց ծրագրերից խոսում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» եւ «Ծառուկյան դաշինքի» անդամները: Սա կարեւոր փաստ է, որի վրա ընտրողը պետք է լուրջ ուշադրություն դարձնի:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու չեն երեւում մյուսների հրեշատակի թեւերը, ապա ասենք, որ դրանք չեն էլ երեւալու՝ բացակայության պատճառով:
Մնում է, որ ժողովուրդը զգոն լինի եւ հասկանա, որ ընդդիմադիր չէ նա, ով միայն կոկորդը պատռելով է խոսում, իրեն պահում երես առած, մեծամիտ եւ մեծ եղբոր պաշտպանությունն ունեցող դեռահասի նման:
Վարդան Մխիթարյան