Եթե մեր բանակը ռազմական ճակատում գործում է փայլուն, նույնը չի կարելի ասել դիվանագիտական ճակատի մասին
Այս երկու տարվա ընթացքում ես աշխատել եմ չանդրադառնալ խորհրդարանական դիվանագիտությանը, նախ՝ քանի որ այն որպես այդպիսին գոյություն չունի, եւ երկրորդ՝ որպես կանոն որևէ լուրջ պայքարի առիթ խորհրդարանականները չեն ունեցել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը։
Նա մասնավորապես նշել է․
««Վերելակային» դիվանագիտության թե այլ պատճառով մեր ճամփորդ պատգամավորները իրենց «բացառիկ» հմտությունները ցուցաբերելու առիթ չեն ունեցել՝ լինի դա ԵԽԽՎ-ում, Եվրանեսթում, թե մեկ այլ կառույցում: Սակայն,հիմա ինչպես ռազմական ճակատում են տեղի ունենում փոփոխություններ, այնպես էլ ակնհայտորեն իրավիճակը լարվում է դիվանագիտական ճակատում։ Ու եթե մեր բանակը ռազմական ճակատում գործում է փայլուն՝ իրականացնելով իր առջեւ դրված խնդիրները, ցավոք, նույնը չի կարելի ասել դիվանագիտական ճակատի մասին, որտեղ աջակցությունը Գվատեմալայի ու Սախալինի տիրույթից աննշան է վերեւ գտնվում։
Ադրբեջանցիները չափազանց ակտիվ են Միացյալ Նահանգներում ու օրերս
բանաձեւ անցկացրին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում։ Այն աննախադեպ վատն է ու խիստ վտանգավոր է մի քանի հարթություններով:
Նախ՝ բանաձևը հավասարության նշան է դնում Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի մասնակցությամբ կոնֆլիկտների միջև: Մինչդեռ մենք բազմիցս պնդել ենք, որ այդ կոնֆլիկտները իրենց ծագումնաբանությամբ, լուծումներով էականորեն տարբերվում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից: Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի պարագայում միջազգային փաստաթղթերում շեշտադրվում է տարածքային ամբողջականության սկզբունքը, մինչդեռ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պարագայում այդ սկզբունքից զատ նշվում է ինքնորոշման իրավունքը: Եվ հիմա այս բանաձևով հավասարության նշան է դրվում միմյանցից էականորեն տարբերվող իրավիճակների միջև:
Երկրորդ՝ թեև բանաձևը առաջին հայացքից վերաբերում է մարդու իրավունքներին, օրինակ` տեղահանվածների իրավունքներ, սակայն ակնհայտ է, դրա հեռահար ազդեցությունը Արցախյան հիմնախնդրի վրա, մասնավորապես՝ ադրբեջանական քարոզչամեքենային համահունչ միանգամից գրավյալ են համարվելու եւ՜ Արցախը, եւ՜ հարակից շրջանները: Սենատի կողմից բանաձևը ընդունելու պարագայում Ադրբեջանը հետագայում անընդհատ շահարկելու է դրա ձևակերպումները և հղում է կատարելու բանաձևում կատարված համեմատականներին ու սա տանի այլ հարթակներ։
Մինչ այս պահը հայկական լոբիստական կազմակերպությունները կատարել ու կատարում են հսկայական աշխատանք: Հենց նրանց ջանքերով էր, որ մի քանի օր առաջ ընդունվեց ԱՄՆ կոնգրեսական Ֆ. Փալլոնի նախաձեռնած բանաձևը` Ադրբեջանին տրամադրված ռազմական օգնության թափանցիկության վերաբերյալ: Սակայն իրավիճակն այնպիսին է, որ միայն հայկական լոբիստների ջանքերը այս պարագայում բավարար չեն:
Նրանք չեն կարող զուգահեռ աշխատել եւ՜ պրոհայկական քայլերի համար եւ՜ հակահայկական քայլերը չեզոքացնելու համար։ Այստեղ անելիք ունեն ԱՄՆ-ի հետ աշխատող պատգամավորները։ Իսկ այս բանաձեւի հայտնվելը արդեն իսկ նշանակում է ձախողում:
Ի դեպ հիշեցնեմ, որ իշխանափոխությունից հետո հենց ԱՄՆ են եղել թեեւ ոչ բարձր մակարդակի, բայց ամենամեծաթիվ այցերը՝ էլ՜ Արարատ Միրզոյան, է՜լ Տիգրան Ավինյան, է՜լ գրեթե միակուսակցական պատգամավորների խումբ։ Հիմա եկել է ծախսած միլիոնները գոնե մի փոքր արդարացնելու ժամանակը։
Հ.Գ. Հուսով եմ՝ սա չեզոքացնելու համար իշխանությունը կգործադրի նույն ջանասիրությունը և էնտուզիազմը, որով պայքարում է ընդդիմախոսների դեմ, որով «շահագործում» էր զինվորների սխրանքը՝ «սելֆիախեղդ» ու «կամուֆլյաժախեղդ» անելով»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին