Ապօրինի գույքի բռնագանձման օրենքը հիվանդ երևակայության արդյունք է․ Վ․ Բոստանջյան
«Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի ընդունումը սուբյեկտիվ բնույթ է կրում և հիվանդ երևակայության արդյունք է։ Դա իրականացվել է բոլոր այն մարդկանց կողմից, որոնք վրեժ ունեն իրենց երկրի, քաղաքացու նկատմամբ։ Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը։
Նրա խոսքով՝ պատմությունը ցույց է տալիս, որ նմանօրինակ՝ սեփականության իրավունքը կոպիտ ձևով խախտող օրենքները վատ հետևանքներ են ունեցել։
«Որպես կանոն, դա բերել է սարսափելի հետևանքների՝ սով, տնտեսական հետընթաց։ Դրա ցցուն օրինակ է բոլշևիկների կողմից նման օրենքի ընդունումը, Голодомор-ի ահավորությունը։ Մարդկությունն իր հազարամյա պատմության ընթացքում եկել է եզրակացության, որ սեփականության իրավունքի նկատմամբ նման մոտեցումը բերում է սարսափելի հետընթացի։ Առավել ևս, որ օրենքում կան դրույթներ, որոնցով նախատեսվում է առանց դատավճռի յուրաքանչյուրին՝ մինչև անգամ չունևորին, կանգնեցնել և ասել՝ հարկավոր է քեզ էքսպրոպրիացիայի ենթարկել։ Իմ խորին համոզմամբ՝ սա ոչ թե բարի, լավ նպատակ է հետապնդում, այլև վրեժխնդրության, մարդկանց պատին դեմ տալու նպատակ ունի»,- ասաց նա։
Վարդան Բոստանջյանը համոզված է՝ «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի ուժի մեջ մտնելու պարագայում ներդրումներ չեն լինի՝ ոչ միայն օտարերկրյա, այլև ներքին ներդրողների կողմից։ Ստացվում է, որ որևէ գույք կամ տարածք ձեռք բերելու և բիզնես ներդրում անելու համար գործարարը նախ պետք է ստուգի՝ արդյո՞ք այդ գույքը, որն ինքը պատրաստվում է գնել, ձեռք է բերվել օրինական ճանապարհով։
«Նման պարագայում դուք պատկերացնո՞ւմ եք, որ ներդրող կգա, բացառված է։ Սա արդեն իսկ նշանակում է, որ եթե որևէ մեկը խոսում է ներդրումների մասին, դա սուտ է։ Ընդ որում, ոչ միայն օտարկերյա ներդրողների մասին է խոսքը, դրա մասին չմտածենք, բացառված է, որ ներքինում ընդհանրապես որևէ մեկը նման պայմաններում ներդրումային գործունեություն կիրականացնի»,- նշեց տնտեսագետը։
Նրա կարծիքով՝ հանրապետության նախագահը չպետք է ստորգարի օրենքի նախագիծը և այն պետք է ուղարկի Սահմանադրական դատարան։
«Բայց հանրապետության նախագահին ինչ դեմ տալիս են, ստորագրում է։ Այդ մարդն իր անձնական շահերն ունի և ելնելով դրանցից՝ նա, ամենայն հավանականությամբ, կստորագրի, ինչպես ստորագրել է նախորդ հակասահմանադրական, հակաօրինական օրենքները»,- ասաց Վարդան Բոստանջյանը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն ապրիլի 16-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծն ու կից ներկայացված նախագծերի փաթեթը, որը, ըստ էության, թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Օրենքը վերաբերում է 1991 թվականից հետո ձեռք բերված գույքին:


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան