Ռուսաստանը կարող է ԵԱՏՄ-ի համար գազի գնի հարցում զիջումների գնալ, բայց հայ-ռուսական հարաբերությունները դրանից չեն լավանա. Վլադիմիր Լեպեխին
Եվրասիական տնտեսական միության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինի հետ Tert.am-ը զրուցել է Հայաստան մատակարարվող գազի սակագնի հնարավոր բարձրացման վերաբերյալ: Նրա խոսքով` հայաստանյան սպառողների համար գազի սակագնի հարցի բարձրացումը հենց Հայաստանի իշխանությունների նախաձեռնությունն է, քանի որ դա զուտ հայաստանյան ներքաղաքական հարց է:
-Պարոն Լեպեխին, այս օրերին Հայաստանում քննարկվում է Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի սակագնի հնարավոր բարձրացման հարցը: Ձեր կարծիքով` ՀՀ այսօրվա իշխանությունների, որոնք ժամանակին բողոքի ակցիաներ էին կազմակերպում ՌԴ նախագահ Պուտինի դեմ, մեղավորությունը կա՞ այս հարցում: Ինչու՞ է հիմա հարցը դիտարկվում:
-Հայաստանյան սպառողների համար գազի սակագնի հարցի բարձրացումը հենց Հայաստանի իշխանությունների նախաձեռնությունն է, քանի որ այդ գինը զուտ հայաստանյան ներքաղաքական հարց է: Ռուսաստանը դրա հետ որևէ կապ չունի: Այս իրավիճակում, երբ նավթի համաշխարհային գները կտրուկ անկում են ապրել և սկսել է էժանանալ գազը, Ռուսաստանը, հակառակը, որոշել է իր գործընկերների, այդ թվում Հայաստանի համար, պահպանել գազի գործող սակագինը:
Հայաստանի Հանրապետությունը որոշել է իր սպառողներին գազի սակագնի հարցը դիտարկել` հաշվի առնելով իրավիճակը, որը կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացել է հայաստանյան տնտեսությունում: Ցանկանում է գտնել ֆինանսական պարզ աղբյուր բյուջեն համալրելու: Ռուսաստանում առաջարկ է եղել 3 տոկոսով ավելացնել գազի սակագինը ՌԴ քաղաքացիների համար, որպեսզի սպառողների հաշվին կոմպենսացվեն կառավարության ծախսերը: Հայաստանում նույնպես պաշտոնյաները քննարկում են այդ հարցը, որպեսզի սպառողների հաշվին` գազի գնի բարձրացումով, լրացուցիչ եկամուտ բյուջեում ստանան:
-Ռուսական գազի սակագնի հարցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել էր նաև Բելառոսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Դա կողքից ի՞նչ տպավորություն է ստեղծում:
-Նիկոլ Փաշինյանը հայաստանյան սպառողին մատակարարվող գազի սակագնի բարձրացման հարցի հետ միաժամանակ ցանկանում է, որ Ռուսաստանն իջեցնի Հայաստանին վաճառվող գազի գինը: Այդ ժամանակ կառավարությունը ռուսական գազից կստանա կրկնակի մարժա` իր սպառողներից և նաև Ռուսաստանից ստացած զեղչերի հաշվին: Լրիվ նույն կերպ է մտածում նաև Ալեքսանդր Լուկաշենկոն: Բելառուսի և Հայաստանի ղեկավարները մտադիր են համատեղ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա: Ճիշտ պահ է ընտրվել. Ռուսաստանը հիմա շատ ծանր դրության մեջ է` կապված նավթի արհեստական գնակնման հետ: Լուկաշենկոն և Փաշինյանը մտադիր են օգտվել իրավիճակից և գումար աշխատել Ռուսաստանի հաշվին` հույս ունենալով, որ վերջինս զիջումների կգնա:
Տեսականորեն Ռուսաստանը կարող է ԵԱՏՄ գործընկերներին զիջումներ անել, բայց հայ-ռուսական հարաբերությունները դրանից չեն լավանա, քանի որ բարոյական առումով Հայաստանն ու Բելառուսը հիմք չունեն պահանջելու, որ իրենց մատակարարվող գազի սակագինն իջնի: Առանց այն էլ այն շատ ցածր է` վաճառվում է համարյա ինքնարժեքով:
-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ հայտարարել, որ փայլուն հարաբերություններ ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ…
-Պետք է Ռուսաստանի ղեկավարության վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ տարբերել Փաշինյանի նկատմամբ եղած վերաբերմունքից:
Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ Ռուսաստանի և ՌԴ քաղաքացիների վերաբերմունքը շատ դրական է: Հայաստանը համարվում է Ռուսաստանի ամենամոտ գործընկերը, ինչպես Բելառուսը: Ինչ էլ Հայաստանի հետ պատահի, հայ ժողովուրդը համարվելու է եղբայրական: Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վերաբերմունքը հայելային է, այսինքն՝ կախված է նրանից, թե ինչպիսի քաղաքականություն է վարելու Փաշինյանը Ռուսաստանի նկատմամբ: Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը շատ ժամանակ է տրամադրում Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու վրա, նրա անձնական հարաբերությունները Վլադիմիր Պուտինի հետ կարելի է համարել լավ:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու