Պարտքի պատճառով հոսանքազրկվել է բժշկական ծառայություններ մատուցող կենտրոնը. շտապօգնությամբ տեղափոխված հիվանդը մնացել է միջանցքում
Պարտքի պատճառով հոսանքազրկվել է «Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը: Այն գտնվում է Պարույր Սևակի փողոցի 5/7 հասցեում: «Ուլտրաիմիջինգ»-ի տնօրինությունը «Հետք»-ին ահազանգեց, որ հոսանքազրկման պահին շտապօգնության մեքենայով ծանր հիվանդ էր տեղափոխվել կենտրոն, որը պատգարակով հայտնվել էր հոսանքազրկված կենտրոնի միջանցքում:
«Ուլտրաիմիջինգ»-ի բժշկական գծով տնօրեն Արամ Քոչարյանը պատմեց, որ իրենց կենտրոնը դժվարամատչելի հետազոտություններ է իրականացնում` «ԿՏ», «ՄՌՏ», «Դուպլեքս»: «Մեզ կարգադրված է, որ ընդունենք միայն շտապ հիվանդներ: Շտապօգնության հիվանդին բերել էին, մենք էլ պատրաստվում էինք օգնել, բուժօգնություն ցուցադրել, պիտի հետազոտեինք: Հիվանդին մտցրեցին շենք, պիտի գլխուղեղի հետազոտության անեին, հոսանքազրկեցին»,-պատմեց Արամ Քոչարյանը:
Փորձել են ՀԷՑ-ի հետ կապ հաստատել, սակայն հեռախոսահամարներին պատասխանող չի եղել:
Արամ Քոչարյանը պատմեց, որ ՀԷՑ-ի մատակարարած հոսանքի գումարի մեծ մասը կենտրոնը վճարել էր, մնացել էր 500 հազար դրամի չափով պարտք:
Կենտրոնը նաև մասնաճյուղ ունի Ախուրյանում, որի սպառած էլեկտրաէներգիայի ողջ գումարը վճարված է:
«Ուլտրաիմիջինգ»-ի տնօրինությունը 10 օր առաջ նամակով դիմել է ՀԷՑ-ին, որպեսզի պարտքերի մարման ժամկետը երկարաձգեն մինչև մարտի 31-ը, քանի որ կենտրոնը դոլարային վարկի ձևակերպման փուլում է եղել` պարտքերը մարելու նպատակով: Մինչ օրս որևէ պատասխան չեն ստացել ՀԷՑ-ից:
«Մենք անում ենք դժվարամատչելի, ծանր տեխնիկայով ախտորոշում, և տեխնիկան հիմա մեծ վտանգի տակ է, որովհետև ՄՌՏ նորագույն սարք է»,-նշեց Արամ Քոչարյանը:
Արամ Քոչարյանը տեղեկացրեց, որ երեկ դոլարային վարկ են վերցրել և ամբողջությամբ մարել հարկային պարտավորությունները, վճարել են 70 % աշխատակիցների աշխատավարձը, ոչ մի աշխատող աշխատանքից չի ազատվել և տուն չեն ուղարկել, մարտի 1-ից նոր աշխատակից է ընդունվել: «Ուլտրաիմիջինգը» նորից էր դիմել վարկի համար, որպեսզի մարեր էլեկտրաէներգիայի պարտքը: Այսօր վարկը պետք է հաստատվեր: Սակայն ժամը 12-ի սահմաններում էլեկտրաէներգիան անջատվել է:
ՀԷՑ-ի հասարակայնության և կորպորատիվ կապերի հետ դեպարտամենտի պետ Նատալյա Սարաջանյանը պարզաբանեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` իրավիճակը ֆորս մաժոր ճանաչելու հայտարարությունը վերաբերում էր միայն քաղաքացիների պարտքերին, սակայն ՀԷՑ-ը կվերականգնի «Ուլտրաիմիջինգի» էլեկտրաէներգիայի մատակարարումը: Նատալյա Սարաջյանը նշեց, իրենք նամակ չեն ստացել ընկերությունից: Թե ինչ հասցեով են ուղարկել, ուր են ուղարկել, իրենք տեղյակ չեն:
«Ելնելով իրավիճակից` եթե մարդիկ տվյալ օրը չեն կարող վճարել և ասում են, որ էսինչ օրը կվճարեն, մենք կգնանք զիջման: Հիմա կվերականգնենք կենտրոնի մատակարարումը, իրենք խոստացել են 31-ին վճարել, հուսով ենք, որ կվճարեն»,-ասաց Նատալյա Սարաջյանը:
Քիչ անց «Ուլտրաիմիջինգ» կենտրոնից տեղեկացանք, որ հոսանքի մատակարարումը վերականգնվել է, սակայն ոչ թե ՀԷՑ-ի բարի կամքի դրսևորման արդյունքում, այլ միայն վճարումը կատարելուց հետո: Կենտրոնի վարկավորումը կազմակերպվել է, և պարտքը մարվել:
Շտապօգնության մեքենայով կենտրոն բերված հիվանդին, մինչ էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնումը, տեղափոխել են այլ բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ «Հետք»-ոում։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը