Կորոնավիրուսով վարակվածը պետությունից թաքցրել է ջերմությունը բարձր լինելու հանգամանքը եւ գնացել նշանադրության. վարչապետ
Քննարկել ենք բոլոր հնարավոր միջոցները, որ այս պահին կարող ենք կիրառել կորոնավիրուսի տարածումը ՀՀ-ում կանխարգելելու վերաբերյալ: Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, Facebook-ի իր ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի արտահերթ նիստին:
«Քննարկեցինք բոլոր այն միջոցները, որոնք աշխարհում ամենատարբեր երկրներ կիրառել են: Փորձում էինք հասկանալ այդ միջոցների կիրառելիությունը Հայաստանում: Հարցը հետեւյալն էր. մենք ըստ էության ունենք ամենաղաղակող դեպքը կորոնավիրուսի տարածման Էջմիածին քաղաքում, երբ մի ընտանիքի երեք անդամների մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակման դեպքը: Եվ մի գերդաստանի ընտանիքի անդամներ մեկուսացված են:
Դեպքը տեղի է ունեցել հետեւյալ կերպ. ՀՀ քաղաքացին վերադառնալով Իտալիայից, իսկ մենք որեւէ պարագայում մեր քաղաքացուն չենք կարող զրկել վերադառնալու հնարավորությունից, բնականաբար, օդանավակայանում հաշվառման է անցնում, ջերմաչափում է տեղի ունենում եւ գնում է Էջմիածին: Ժամանակ առ ժամանակ ԱՆ ներկայացուցիչները մոնիտորինգ են իրականացնում եւ այդ մոնիտորինգի ընթացքում քաղաքացու մոտ ջերմաստիճանի բարձրացում է նկատվում: Նա ոչ միայն պետությունից է թաքցնում ջերմությունը բարձրացած լինելու հանգամանքը, այլեւ քանի որ իր համար շատ կարեւոր է հարազատի նշանադրությունը, այս ընթացքում սիստեմա է ընդունում եւ սիստեմայի տակից դուրս գալով վճռական որոշում է կայացնում մասնակցելու այդ նշանադրությանը:
Այդ ընթացքում շփվում է վարսավիրի հետ, ոսկերիչի հետ եւ գնում այդ արարողությանը, որին բազմաթիվ մարդիկ են մասնակցում: Մենք ունենում ենք այսպիսի ճգնաժամային իրավիճակ, երբ նրա մորաքրոջ տղան եւ ամուսինը արդեն հաստատապես վարակված են, իսկ նշանադրության մասնակիցները, ոսկերիչն ու վարսավիրը՝ մեկուսացված»,-հայտարարեց Փաշինյանը:
«Ես այսօր հարց բարձրացրեցի, թե աշխարհում կիրառվող միջոցներից որը մեզ հնարավորություն կտար կանխարգելել այս դեպքը: Եվ ըստ էության, մեր եզրակացությունն այն էր, որ կանխարգելիչ հնարավոր, տրամաբանական միջոցներից որեւէ մեկը այս դեպքը չէր կանխարգելելու: Կանխարգելելու միակ հնարավորությունը մարդու, անհատի անհատական պատասխանատվությունն է: Այո, պետությունը կարող է բազմաթիվ միջոցառումներ ձեռնարկել, բայց եթե մարդը շատ ուզում է այդ միջոցները շրջանցել, ինքը ձեւը կգտնի: Շատ կարեւոր է, որ մեզնից յուրաքանչյուրը առանձնահատուկ վերաբերվի այս իրավիճակին, որովհետեւ այդ գործողությունների արդյունքում մեր հարազատների, ընտանիքի անդամների առողջությունն ու կյանքն է վտանգվում»,-ընդգծեց նա:
Վարչապետը նկատեց, որ ոչ մի ողբերգություն չի տեսնում, որ մարդիկ իրար հանդիպելիս ձեռքով չբարեւեն, առավել եւս չհամբուրվեն. «Հո մենք չե՞նք գնալու փողոցում համբուրվողներին բերման ենթարկենք ոստիկանություն, դա անհնար է: Չհամբուրվելն ու ձեռքով չբարեւելը ավելի արդյունավետ միջոց է, քան այլ միջոցներն են»:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի