Կգրանցվի գնաճ, կկրճատվեն արտահանման ծավալները. Սուրեն Պարսյանը
Համաշխարհային շուկայում մետաղների, մասնավորապես, պղնձի գների իջեցումը լուրջ խնդիր կարող է առաջացնել Հայաստանի տնտեսության համար: Կարծում եմ, մետաղների գների իջեցումը կշարունակվի մոտակա շաբաթների ընթացքում և այս տարվա բյուջեի եկամտային մասի ապահովման ուղղությամբ խնդիրներ կլինեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Նրա կարծիքով՝ Կառավարությունը պետք է քայլեր անի տնտեսության դիվերսիֆիկացիայի ուղղությամբ, ոչ թե ավելի խորացնի հանքարդյունաբերությունից ՀՀ տնտեսական կախվածությունը:
«Հայաստանի արտահանման մոտ 29.5 տոկոսը հումքն է՝ մետաղը, մասնավորապես, պղինձը: Ընդ որում, 2018 թ. համեմատ 2019 թ. 5 տոկոսով ավելացել է պղնձի մասնաբաժինն արտահանման մեջ: Նման բարձր ցուցանիշ վերջին տարիներին չէինք ունեցել: Սա ևս մեկ մտահոգություն է, որ մեր տնտեսությունն ըստ էության չի դիվերսիֆիկացվում, ավելին՝ ավելի է խորանում կախվածությունը մետաղներից: Վերջին երկու տարիներին էլ այս ուղղությամբ որևէ շոշափելի ձեռքբերում չունենք»,- ասաց տնտեսագետը:
Սուրեն Պարսյանի խոսքով՝ պղնձի համաշխարհային գների նվազման պարագայում մեծ քանակությամբ արդյունահանում և արտահանում ՀՀ-ից չի լինի. «Ուղղակի ձեռնտու չի լինի, բայց ուրիշ հետևանքներ կարող է ունենալ գների նվազումը: Հանքարդյունաբերական ընկերությունները կփորձեն արդեն ի հաշիվ բնապահպանական ծախսի և աշխատողների տնտեսումներ անել: Այսինքն, չեն անի իրենց ստանձնած բնապահպանական, սոցիալական պարտավորությունները: Հանքարդյունաբերական ընկերությունների համար լուրջ ֆինանսական խնդիրներ կարող է առաջանալ, եթե երկար շարունակվի գնանկման պրոցեսը»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Լոնդոնի մետաղների բորսայում մարտի 9-ի դրությամբ պղնձի համաշխարհային գները զգալիորեն նվազել են՝ տոննայի համար դառնալով 5463 դոլար: Այս տարվա ամենաբարձր մակարդակը գրանցվել էր հունվարի 14-ին՝ 6317 դոլար՝ տոննայի համար։ 2019 թվականին Հայաստանից արտահանվել է 562 հազար տոննա պղնձի խտանյութ։ Պղինձը առաջատարն է Հայաստանի արտահանման կազմում: 2019 թվականին Հայաստանից ամենաշատն արտահանվել է պղինձ (627 մլն ԱՄՆ դոլար), ծխախոտ (273 մլն դոլար) ու կոնյակ (253 մլն դոլար):
Միջազգային շուկայում պղնձի գների իջեցման պատճառները, ըստ Սուրեն Պարսյանի՝ համաշխարհային տնտեսության աճի դանդաղումն է՝ առևտրային պատերազմների և կորոնավիրուսի պատճառով:
«Վերջին ամիսների ընթացում մենք ունենք անկումներ, որի տարբեր պատճառներ կան: Օրինակ, մեկ պատճառն այն է, որ երկրների միջև կան առևտրային պատերազմներ՝ քողարկված և ոչ քողարկված, և դա բնականաբար ազդում է տնտեսական աճի ցուցանիշների վրա: Երկրորդ պատճառը վերջին ամիսների ընթացքում ի հայտ եկած կորոնավիրուսն է, որը մեծ հարված հասցրեց Չինաստանի տնտեսությանը և առանձին շրջաններում ուղղակի տնտեսությունը կանգ էր առել: Այս պայմաններում բնական է, որ նվազում է մետաղների, նավթի համաշխարհային գները, քանի որ պահանջարկի տեմպը չի աճում ավելի արագ, քան առաջարկի տեմպը»,- ասաց նա:
Տնտեսագետի խոսքով՝ պղնձի գնով պայմանավորված արտահանման ծավալներից բացի, արտարժույթի հոսքի նվազմանը զուգահեռ սպասվում է նաև գնաճ:
«Պղնձի գնի նվազումը, նավթի գների կտրուկ անկում՝ 30 տոկոսի չափով: Այս իրավիճակում պետք է սպասել Հայաստանի տնտեսության վրա սրանց բացասական ազդեցությունը: Առաջին հետևանքը մետաղների գների կտրուկ իջեցումն է, որի արդյունքում արտահանման ծավալները կնվազեն: Երկրորդը՝ ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկումը, որն արդեն իսկ տեղի է ունեցել՝ 1 դոլարը 72 ռուբլի է դարձել, իսկ դոլարը 482 դարձավ: Եթե այս պրոցեսները շարունակվեն, բնականաբար, դրանք կարող են հանգեցնել ներկրվող ապրանքների գնաճի, եթե արժույթի արժեզրկում ունենանք: Կստացվի, որ անցած տարի ցածր աշխատավարձով մարդիկ կարող էին ավելի շատ ապրանքներ և ծառայություններ ձեռք բերել, քան այս տարի 5-10 տոկոս բարձրացած աշխատավարձով»,- նշեց Սուրեն Պարսյանը:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի