Օտարերկրացիները ՀՀ-ում վաճառում են գույքն ավելի մեծ քանակով, քան գնում են
Անշարժ գույքի շուկայի նկատմամբ հետաքրքրությունը միշտ էլ որոշակի բացատրություններ ունի: Մեր դեպքում այդ հետաքրքրությունը սրվում է ցանկացած նոր իշխանության պարագային: Հետևաբար՝ այն պայմանավորված է սեփականության վերաբաշխման սպասումներով: Ցանկացած փոփոխություն` հեղափոխությունից մինչև ամենապարզ իշխանափոխությունը, անշարժ գույքի շուկայում աշխույժ գործընթացներ է ծնում․ գրում է 168.am-ը։
Քաղաքական վերադասավորումների հետ՝ հին սեփականատերերն են միմյանց հետ հարաբերություններ ճշգրտում: Մյուս կողմից էլ՝ նոր իշխանությունների հետ անշարժ գույքի շուկայում նոր խաղացողներ (իմա` նոր սեփականատերեր) են հայտնվում: Այս ամենն առաջին հերթին նկատելի է տնտեսական վիճակագրության շնորհիվ: Որովհետև կադաստր ասվածը հստակ արձանագրում է անշարժ գույքի սեփականատիրոջ ցանկացած փոփոխություն՝ թե՛ վաճառքի, թե՛ նվիրատվության, թե՛ այլ օտարումների դեպքերում: Օրինակ, 2013-ի ցուցանիշը 48.7 հազար է, 2014-ինը` 52.3 հազար, 2015-ինը` 50 հազար, 2016-ինը՝ 46.8 հազար: Իսկ 2017թ. գրանցվել է անշարժ գույքի օտարման 52.2 հազար գործարք:
Կարճ ասած՝ նախկին իշխանությունների օրոք 2013-2017թթ. (այսինքն՝ այդ հինգ տարիների) ընթացքում անշարժ գույքի շուկայում արձանագրվում էր տարեկան 46-52 հազար քանակի օտարման գործարք: Իսկ այ, 2018-ին ու 2019-ին անշարժ գույքի շուկայում առքուվաճառք-նվիրատվություն-անվանափոխությունները կտրուկ աճում են: Թռիչքաձև: 2018թ. գործարքների քանակը մոտ 63 հազար է, իսկ անցած տարվանը՝ 71.1 հազար: Կադաստրի կոմիտեն, բնականաբար, հրապարակում է միայն քանակ:
Հետևաբար՝ սեփականության հնարավոր վերաբաշխման գործընթացից խոսելու համար առանձին ուսումնասիրություն է անհրաժեշտ:
Նախ նշենք, որ անշարժ գույքի շուկայի գործարքները Կադաստրի կոմիտեն հաշվառում է հետևյալ բաժանումներով` բնակարան բազմաբնակարանային շենքերում, բնակելի տներ (առանձնատներ), ավտոտնակներ, հասարակական նշանակության օբյեկտներ, արտադրական նշանակության օբյեկտներ և հող: Ընդ որում՝ հողի պարագային առանձին ներառվում-հաշվարկվում են գյուղատնտեսական նշանակության հողերը: 2019թ. առաջին անգամ մեր վիճակագրությունը սկսեց հրապարակել օտարերկրյա քաղաքացիների գործարքների վիճակագրությունը մեր երկրի անշարժ գույքի շուկայում: Պատճառը, հավանաբար, այն սպասումն էր, որ օտար պետությունների քաղաքացի մեր հայրենակիցների մոտ հետաքրքրություն է ծնվելու այս ոլորտի հանդեպ: Նույնիսկ իշխանություններն էին բաց տեքստով Հայաստանում անշարժ գույք գնելու առաջարկով դիմում Սփյուռքի մեր հայրենակիցներին: Ասել, թե դա նորություն էր, սխալ կլինի: Նախկինում էլ իշխանությունները «հորդորում էին» նույնն անել: Բայց այս անգամ ամեն ինչ արվում էր բացահայտ:
Վիճկոմի հրապարակած «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2019թ. հունվար-դեկտեմբերին» տեղեկագրի մեջ արձանագրված է, որ 2019թ. օտարերկրյա քաղաքացիները գնել են 674 անշարժ գույք: Իսկ նույն ժամանակում վաճառել են 1266-ը: Այլ կերպ ասած՝ սպասումների հակառակ գործընթացն է տեղի ունենում: Օտարերկրացիները վաճառում են նախորդ տարիներին ձեռք բերած գույքն ավելի մեծ քանակով, քան գնում: Օրինակ, բազմաբնակարան շենքերում նրանք վաճառել են 573 բնակարան, գնել՝ միայն 331: 2019-ին վաճառել են 274 բնակելի տուն (առանձնատուն), գնել ընդամենը 114: Վիճակագրության համաձայն, արտասահմանյան քաղաքացիների գնումների քանակի 58 տոկոսը բաժին է ընկնում Երևանին: Քանակով երկրորդը Կոտայքի մարզն է` 15 տոկոս: Երրորդն Արմավիրի մարզն է՝ 5.5 տոկոս:
Մյուս մարզերի մասնաբաժինը նկատելիորեն փոքր է:
Վիճակագրությունը նաև որոշակի տվյալներ է հրապարակում, որով կարելի է որոշել, թե ովքեր են գնորդները: 2019թ. մեր երկրում անշարժ գույք ձեռք բերողների մեջ առաջինը Ռուսաստանի քաղաքացիներն են` 48 տոկոս: ԱՄՆ քաղաքացիները՝ 16 տոկոս, երկրորդն են: Եվրոպական պետությունների քաղաքացիները երրորդն են` 12 տոկոս: Չորրորդ տեղում սիրիացիներն են` գնումների քանակի 5.6 տոկոսը: Ասենք նաև, որ նախկինում ձեռք բերածից հրաժարվողների առաջին եռյակը նույն երկրների քաղաքացիներն են, նույն հերթականությամբ:
Կա նաև մեկ փոքր փաստ: 2019-ին օտարերկրացիները վաճառել են արտադրական նշանակության 3 օբյեկտ, գնել՝ 5-ը: Արտադրական նշանակության 5 օբյեկտի գնորդն էլ Ռուսաստանի քաղաքացիներ են: Հասարակական նշանակության օբյեկտների գնորդների 64.7 տոկոսը ՌԴ քաղաքացիներ են, իսկ ԱՄՆ քաղաքացիները գնորդների 8.8 տոկոսն են: Այս վիճակագրությունը հուշում է, թե որ երկրների քաղաքացիներին է ավելի հետաքրքրում մեր անշարժ գույքի ոլորտը: Այն, որ մեր գյուղատնտեսության ոլորտը համարյա չի հետաքրքրում արտասահմանյան սեփականատերերին՝ նկատելի է հետևյալ փաստով: 2019թ. օտարերկրյա քաղաքացիները վաճառել են 2364 գյուղատնտեսական նշանակության հող և գնել են շատ անհամամասնական քանակություն` 15-ը:
Ահա այսպիսին է մեր անշարժ գույքի շուկայի վիճակագրական պատկերը՝ ըստ Կադաստրի կոմիտեի:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի